Եվրամիությունը դատապարտում է Ղուրանի այրումը Շվեդիայում, սակայն պաշտպանում է խոսքի ազատությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության կարծիքը։ Ղուրանը կամ որևէ այլ սուրբ գիրք այրելը վիրավորական է, անհարգալից վերաբերմունք և ակնհայտ սադրանք: Ռասիզմի, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության դրսևորումները տեղ չունեն Եվրոպայում»,- ասված է հայտարարության մեջ։ Ընդգծվում է նաև, որ պետք է միասին հանդես գալ հօգուտ փոխըմբռնման և հարգանքի՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։
Հունիսի 28-ին Շվեդիայի ոստիկանությունը թույլ էր տվել մահմեդական Կուրբան-Բայրամ տոնի առաջին օրը բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրանի այրմամբ։ Մուսուլմանների սուրբ գիրքը պատռել ու այրել էր իրաքցի երիտասարդը: