Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։
Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի դիվանագետներ,
Նախ թույլ տվեք դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը՝ բոլոր ոլորտներում, սկսած՝ սոցիալականից, ավարտած քաղաքականով: Իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը թերևս արդարադատությունն է: Մենք՝ որպես քաղաքական իշխանություն, այս ուղերձն ամեն օր մեզ հետ ունենք՝ սկսած սոցիալական բնագավառից, վերջացրած արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:
Իհարկե, օրվա հետ կապ չունի, բայց նաև, քանի որ սոցիալական արդարությունը նշեցի, այսօր Հայաստանում շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, և պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաև անցել է նվազագույն սպառողական զամբյուղը:
Բայց, բնականաբար, կցանկանայի ավելի շատ կենտրոնանալ արդարադատության վրա: Մենք այս տարիներին նաև աշխատավարձերի էական բարձրացումներ ենք ունեցել արդարադատության ոլորտում: Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե ստեղծվել է բարձր աշխատավարձով, նաև դատախազության, դատական, քննչական համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Իհարկե, հասկանալի է, որ այդ մոտեցումներն այնպես չէ, որ ընդունվում են բարյացկամորեն, բայց ես ամեն անգամ աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ՝ հանուն քաղաքացիների, որովհետև այդ միջոցով նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության՝ արդարադատության որակը: Եվ, այս առումով, մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանել, և այդ նոր ստանդարտը ես հավատում եմ, որ սահմանման ճանապարհին է, հաստատման ճանապարհին է: Իհարկե, դա հեշտ ճանապարհ չէ, բայց մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով:
Ուզում եմ ընդգծել, որ երկար բանավեճերի, քննարկումների արդյունքում Հայաստանում ի վերջո ստեղծվեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը՝ կրկին դատախազության համակարգում: Եվ այդ մեխանիզմն սկսել է գործել: Իհարկե, դեռ արդյունքներն առջևում են, բայց համոզված եմ, որ նաև միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ոլորտում կկարողանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքներն ապահովել օրենքի գերակայության պայմաններում, որովհետև այն արդարության զգացման շատ կարևոր բաղադրիչ է:
Ուզում եմ մի կարևոր հանգամանք էլ ընդգծել. այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ օրինակ՝ ամենատարբեր հանգամանքներով հարուցված քրեական գործերով նաև քաղաքացիները, նաև ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ արդարանում են, այդ թվում՝ դատապարտվում են, այդ թվում՝ ամենանատարբեր որոշումներ են կայացվում, և սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի սահմանում է, որովհետև կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք մտնում էր դատարան, ըստ էության, 99,99 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է, բայց մյուս կողմից, իհարկե, մենք ակնկալում ենք, և գիտեմ՝ նաև դատախազության մոտեցումն է, որ ամեն գործի վերաբերվենք և մոտենանք այն տրամաբանությամբ, որ իհարկե մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն:
Ցանկանում եմ ընդգծել, որ դատական և դատախազական համակարգի նկատմամբ կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում բարեբախտաբար շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված, և մենք հավատում ենք, որ արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերը և ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, որովհետև տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն է և հավասար իրավական դաշտի առկայությունը:
Այսօր չեմ կարող չընդգծել ևս մի պատմական փաստ. մեր դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, և սա շատ կարևոր իրադարձություն է: Պետք է ընդգծեմ, ասել եմ նաև նախկինում, որ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելիս քաղաքական մեծամասնությունը գենդերային տամաբանությամբ չի առաջնորդվել, այլ առաջնորդվել է մասնագիտական արժանիքների տրամաբանությամբ, բայց մյուս կողմից՝ սա մեր երկրում տեղի ունեցող խորը բովանդակային, սոցիալ-հոգեբանական փոփոխությունների շատ կարևոր սիմվոլ է: Նաև շնորհակալություն հայտնելով դատախազության աշխատանքի համար ներդրում ունեցած բոլոր գլխավոր դատախազներին՝ համոզված եմ, որ այս սիմվոլիկ փոխակերպումը նաև կնշանակի դատախազության համակարգի խորը փոփոխություններ, ընդ որում պիտի արձանագրենք, որ կին իրավաբան ունենք ոչ միայն գլխավոր դատախազի պաշտոնում, այլև գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Բոլորվին վերջերս երկու կին իրավաբան ունեինք գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, նրանցից մեկն այժմ Մարդու իրավունքների պաշտպանն է:
Կրկին դատախազության բոլոր աշխատակիցներին շնորհավորելով օրվա առիթով՝ շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար: Իհարկե, մեր ժողովրդի ակնկալիքը՝ ունենալ արդար հանրություն, այդ ակնկալիքի առաջնագծում դատախազությունն է դատարանների և քննչական մարմինների միջև: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի:
Դատախազության և իրավակարգի դերը պիտի լինի նաև ժողովրդավարության, իրավունքի պաշտպանությունը: Շատ կարևոր եմ համարում գլխավոր դատախազության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան անդարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության նման մի պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն եռապատկվում:
Կոռուպցիայի դեմ պայքարը պիտի շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում՝ էլի ուզում եմ ընդգծել, որ երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: Եվ մենք չենք կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը մեզանում, դրա դեմ մեր ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի:
Տիկին Վարդապետյան, եթե չեմ սխալվում Ձեզ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավերու առիթ և հնարավորություն չեմ ունեցել՝ առնվազն հրապարակային, և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ պաշտոնում ընտրվելու առիթով: Սա դատախազության առաջին հոբելյանն է Ձեր գլխավորությամբ: Ամենայն հաջողություններ եմ մաղթում:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար և հույս ունեմ, որ մեր բոլորի ձգտումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնկալիքը՝ ունենալ արդար պետություն և արդար հանրություն, միասին կիրագործենք: Շնորհակալություն»:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: