ՆԱՏՕ-ի երկրները նախնական համաձայնության են հասել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի լիազորությունները ևս մեկ տարով երկարաձգելու շուրջ, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների մեծ մասը համաձայն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքին, որ ներկա պայմաններում, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայում հակամարտությունը, Ստոլտենբերգը պետք է մնա դաշինքի գլխավոր քարտուղար։ Այս շաբաթվա սկզբին հայտնի է դարձել, որ դաշինքի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգի հավանական փոխարինողներից ոչ մեկը չի կարողացել ճնշող աջակցություն ապահովել Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամ երկրների շրջանում։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 650 ՄԱՐԴ
Ֆրանսիայում գիշերը տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 650 մարդ: Երկրում բազմահազարանոց ցույցերը և անկարգությունները շարունակվում են արդեն 3 օր: Պատճառը հունիսի 27-ին Նանտերում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունն է, որը հրաժարվել էր կատարել ոստիկանի պահանջը: Վերջինս կալանավորվել է կանխամտածված սպանության կասկածանքով։
Նանտերում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ընթացքում քաղաքացիներն այրել են ոստիկանական մեքենաներ, բաժանմունքներ, պետական այլ կառույցների շենքեր, խանութներ, ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Կան տուժածներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում:
Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ ցուցարարները բողոքում են ոստիկանների անպատժելիության դեմ և պնդում, որ իրավապահ մարմինների բարեփոխման ծրագիրը ձախողվել է:
ԱՄՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՂՈՒՐԱՆԻ ԱՅՐՈՒՄԸ
Միացյալ Նահանգները դատապարտում է Ստոկհոլմում Ղուրանի այրումը և մտահոգված է Շվեդիայում մահմեդականների իրավունքների համար՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է Վաշինգտոնը վերաբերվում երեկ Շվեդիայում 37-ամյա իրաքցի տղամարդու կողմից մուսուլմանների Սուրբ գրքի օրինակի այրմանը:
«Մենք կարծում ենք, որ մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անցկացնել, բայց միևնույն ժամանակ դրանք պետք է դատապարտվեն»,- պարզաբանել է դիվանագետը։
Իրաքի իշխանությունը Շվեդիայի կառավարությունից պահանջել է արտահանձնել Ղուրանն այրած իրաքցի տղամարդուն: Բաղդադում, որտեղ երեկ հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն, Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է Իրաքի ԱԳՆ: Նրան հայտնել են, որ խոսքի ազատության քողի տակ հակաիսլամական ցանկացած գործողություն անընդունելի է:
Թուրքիայի նախագահն էլ միջադեպի հետ կապված հայտարարել է՝ Անկարան ցույց կտա Արևմուտքի ամբարտավան ժողովրդին, որ մուսուլմանների սրբազան արժեքները վիրավորելը խոսքի ազատություն չէ:
Շվեդական լրատվականները գրում են, որ տեղի ունեցածը կարող է խանգարել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը, որն առանց այդ էլ Թուրքիան և Հունգարիան խոչընդոտում են:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, շնորհավորել իրար Կուրբան Բայրամի առթիվ, խաղաղություն մաղթել ողջ մարդկությանը, մանավորապես մահմեդական աշխարհին։
Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային մի շարք հարցեր։
ԵՄ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Եվրամիությունը կշարունակի Կիևին ֆինանսական, ռազմական, տնտեսական, հումանիտար և դիվանագիտական աջակցությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ ասված է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է մշտապես ջանքեր գործադրեն՝ բավարարելու Ուկրաինայի ռազմական և պաշտպանական կարիքները՝ միաժամանակ չվնասելով առանձին անդամ երկրների անվտանգային քաղաքականությունը և հաշվի առնելով բոլոր անդամների շահերը:
ԵՄ առաջնորդները նաև համաձայնել են ակտիվացնել ջանքերը, որ միջազգային հանրությունն աջակցի Ուկրաինայի խաղաղության բանաձևին: «Ուկրաինայում խաղաղությունը պետք է հիմնված լինի այդ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է փաստաթղթում։
Եվրամիությունը նաև կանի հնարավորը՝ Կիևին ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում
Փաստաթղթի համաձայն՝ Միության ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին ապահովել, որ ռուսական սառեցված ակտիվներն ուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը:
Եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը:
ԱՄՆ-Ն ԹԱՅՎԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 332 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՎԱՃԱՌԻ
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թայվանին ավելի քան 332 միլիոն դոլարի զինամթերքի, ինչպես նաև 108 միլիոն դոլարի պահեստամասերի վաճառքը՝ հայտնել է Պենտագոնը։ Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ այս գործարքը չի վնասի ԱՄՆ-ի մարտական պատրաստվածությանը։ Կոնգրեսը ծանուցվել է հնարավոր բեռնափոխադրումների մասին:
«Գործարքը կնպաստի Թայվանի անվտանգությանը, քաղաքական կայունությանը և տարածաշրջանում տնտեսական առաջընթացին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պեկինը բազմիցս հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-Թայվան գործակցությանը՝ նշելով, որ դա հակասում է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը և խանգարում Չինաստանի խաղաղ վերամիավորմանը: Վաշինգտոնը, սակայն, վստահեցնում է՝ Թայբեյի հետ շփումներն ուղղված չեն Պեկինի դեմ: