Հունիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Ներկա է եղել նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ողջունելով հյուրերին, Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ համագործակցության կարևորությունը։
Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ Վահե Ղազարյանն առաջարկել է ստեղծել ՆԳ նախարարությանը կից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների խորհուրդ։
Նա հավաստիացրել է, որ խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումները հնարավորություն կտան վեր հանել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները և ՆԳ նախարարության լիազորությունների շրջանակում դրանց տալ համապատասխան լուծումներ։
Ուշադրության կենտրոնում պահելով հասարակության հետ ակտիվ շփումները՝ Վահե Ղազարյանը անդրադարձել է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացին, ինչը հնարավորություն կտա առավել դյուրին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
Ներկաները շնորհակալություն են հայտնել ՆԳ նախարարին՝ հրավերի և ընդունելության համար։ Նրանք ողջունել են ՆԳ նախարարության՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների խորհուրդ ձևավորելու նախաձեռնությունը և պատրաստակամություն են հայտնել ՆԳ նախարարության հետ շարունակել արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։