Բանակի մարտական ներուժի զարգացման համար կրթության հիմքն առավել հզորացնելու նպատակով մեր երկրում առաջիկայում կգործի ռազմական ակադեմիա: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան իր կազմում կընդգրկի նաև ռազմաավիացիոն համալսարանը: Սարգսյանի անվան ռազմական համալսարանն արդեն 29 տարի է՝ գործում է. տարեդարձի միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն:
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մասնակցելով ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ավանդը մեծ է անսասան պահելու սահմանները:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը փաստել է, որ ռազմական համալսարանի շրջանավարտները մշտապես նպաստել և այսօր էլ ակտիվորեն նպաստում են բանակի մարտական ներուժի բարձրացմանն ու զարգացմանը, ուստի կառույցը պետք է առավել հզորանա՝ որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, կատարելագործվի և ամուր կանգնի պետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով:
Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան