Բողոքի ակցիայի մասնակից տասնյակ իրաքցիներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն՝ ի պատասխան Ստոկհոլմի կենտրոնական մզկիթի դիմաց Ղուրանն այրելուն։ Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն։
Նշվում է, որ ցուցարարները շիաների հոգևոր առաջնորդ Մուկթադա աս Սադրի հետևորդներն են, որն ավելի վաղ Ստոկհոլմին կոչ էր արել հեռացնել Իրաքում Շվեդիայի դեսպանին։ Որոշ ցուցարարներ շվեդական դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատից անցել են ու հայտնվել դեսպանատան բակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանն այրելու ակցիան իրականացրել է Իրաքից փախստական 37-ամյա Սալվան Մոմիկան։ Դեպքի վայրում էին շվեդական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մոտ 200 քաղաքացի։ Ի նշան բողոքի՝ տղամարդը պոկել է մուսուլմանների Սուրբ գրքի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա այրել ամբողջ գիրքը։
Իրաքի իշխանությունները Շվեդիայի կառավարությունից պահանջել են արտահանձնել 37-ամյա իրաքցուն, երկրի ԱԳՆ-ն էլ կանչել է Բաղդադում Շվեդիայի դեսպանին և խնդրել, որ Շվեդիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն նման գործողությունների կրկնությունը կանխելու համար։