Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ձևավորված սերտ համագործակցության և երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված գործընկերային ամուր հարաբերությունների համար: Նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ՝ պատժի մնացած մասն իրենց երկրում կրելու նպատակով և գոհունակություն է հայտնել դատապարտյալների փոխացման ոլորտում շարունակական արդյունավետ համագործակցության համար:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին բարձր մակարդակի համագործակցության, մասնավորապես՝ դատապարտյալների փոխանցման, ինչպես նաև էքստրադիցիայի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի դատական համակարգերի միջև ձևավորված հաջող համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավական հանձնախմբի նախատեսվող այցի ընթացքում կհաջողվի լուծել կողմերի միջև առկա իրավական խնդիրները: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ իրավական ոլորտում երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կանխել տարածաշրջանում թմրանյութերի շրջանառությունը:
Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը: Նախարարը վերահաստատել է, որ երկկողմ այցերը կրելու են շարունակական բնույթ՝ ամրապնդելով հայ-իրանական հարաբերությունները: