Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Եվրոպական միության գագաթնաժողովը և Բրյուսելից շտապ վերադարձել Փարիզ: Երրորդ օրն է՝ Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային անկարգություններն ու ցույցերը, որոնք սկսվել էին ճանապարհային ոստիկանների պահանջին չենթարկվող 17-ամյա վարորդի սպանության դեպքից հետո: Սպանության գործով ձերբակալված ոստիկանը հայտնել է, որ պատանուն կյանքից զրկելու մտադրություն չի ունեցել: Չի բացառվում, որ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարվի:
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Դեսպանից պահանջել են պարզաբանել օրերս Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Փարիզը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողքին է և շարունակելու է ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա:
«Պաշտոնական Բաքուն, հնարավոր է, դիվանագիտական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՌԴ-Ն ՁԳՏԵԼՈՒ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԱԿ ԱԽ ԿԱԶՄԸ. ԼԱՎՐՈՎ
Արևմուտքին չպետք է մտահոգեն Ռուսաստանի ազգային շահերը, դժբախտությունները մեզ միշտ ավելի ուժեղ են դարձրել՝ առցանց ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստանում հունիսի 24-ին զինված ապստամբության փորձի մասին հարցին՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: «Ապստամբության փորձը ավելին, քան իրարանցում, դժվար է անվանել»,- հավելել է Սերգեյ Լավրովը։
Դիվանագետը նաև մեջբերել է Եվրամիության արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքն այն մասին, որ Արևմուտքը ճիշտ է վարվում՝ զինելով Ուկրաինային։ Լավրովը նշել է՝ այդ գործելաոճն ապացուցում է, որ Ռուսաստանի դեմ կռվում է ոչ թե Ուկրաինան, այլ Արևմուտքը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Մոսկվան ձգտելու է հնարավորինս արագ ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը՝ անդամակցության հնարավորություն տալով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներին։ Նրա խոսքով՝ 15 մանդատից 6-ը արևմտյան երկրներինն են, ինչն անարդար է:
Լավրովը խոսել է նաև Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի մասին, ինչի հետևանքով Դնեպրի ափին գտնվող մի շարք բնակավայրեր անցել էին ջրի տակ: Նրա խոսքով՝ վնասներն այժմ վերացվում են, իսկ Դնեպրը վերադարձել է բնական հուն։
ԵՄ-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՌԴ-Ի ՎՐԱ
Եվրամիությունը կառույցի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի երկրորդ օրվա արդյունքներով հայտարարություն է տարածել, կոչ արել Չինաստանին ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որ ռուսական զորքերն առանց նախապայմանների դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից, և ագրեսիվ պատերազմը դադարեցվի:
ԵՄ առաջնորդները նաև հայտարարել են, որ կշարունակեն տնտեսական և միջազգային գործակցությունը Չինաստանի հետ, այդ թվում՝ պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության և բնական աղետների դեմ պայքարի հարցում:
Գագաթնաժողովի մասնակիցները նաև մտահոգություն են հայտնել Թայվանի նեղուցում լարվածություն աճի, ինչպես նաև Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Միաժամանակ, ԵՄ երկրները վերահաստատել են հավատարմությունը «մեկ Չինաստանի քաղաքականությանը»։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո արդեն երրորդ օրը ֆրանսիայում լարված իրավիճակ է՝ բազմահազարանոց ցույցեր, անկարգություններ, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ, տասնյակ տուժածներ և 800-ից ավելի ձերբակալված: Ցուցարարները բողոքում են ոստիկանների անպատժելիության դեմ և պնդում, որ իրավապահ մարմինների բարեփոխման ծրագիրը ձախողել է: Տղայի վրա կրակած ոստիկանն այժմ կալանքի տակ է՝ կանխամտածված սպանության կասկածանքով։
ԶԼՄ-ների տվյալով՝ երկրում ստեղծված իրավիճակի ֆոնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովը և վերադարձել Ֆրանսիա: Ելիսեյան պալատից հայտնել են, որ նախագահը պատրաստ է ցանկացած միջոցառման՝ փողոցային անկարգություններին վերջ տալու համար։
Ավելի վաղ՝ Ֆրանսիայի քաղաքների և բնակարանային հարցերով նախարարը նշել էր, որ Մակրոնը կարող է նույնիսկ արտակարգ դրություն հայտարարել։
Այժմ որոշում է կայացվել, որ անկարգությունների հետ կապված Փարիզում, ինչպես ավելի վաղ Մարսելում, հասարակական տրանսպորտը կաշխատի մինչև երեկոյան 9-ը:
Ֆրանսիայում իրադարձությունների ֆոնին ցույցեր են անցել նաև Բրյուսելում, հաղորդվում է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին: