Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում արձանագրած խնդիրների հիման վրա ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ։
Խոսքը վերաբերում է մասնավորապես Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից ապրիլի 20-ին չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրներին․ անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, բժշկական օգնության և սպասարկման հարցերին և այլն։
Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության, դեղերի շրջանառության վերահսկողության, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վերահսկողության բաժինների մասնագիտական խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները վերահաստատվել են, և դրանք վերացնելու համար տրվել են համապատասխան կարգադրություններ։
Պաշտպանի կողմից Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում վեր հանված խնդիրների կարգավորման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների, նրանց իրավունքների ու ազատությունների վիճակի բարելավման նպատակով Առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկներ է ուղարկել Արարատի մարզպետարան։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների և փորձագետների կողմից «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ չհայտարարված այցի արդյունքները ամփոփվել են, լուծման առաջարկների հետ մեկտեղ ներկայացվել Առողջապահության նախարարություն և ոլորտի իրավասու այլ մարմիններ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս ոլորտում պատկան գերատեսչությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում Պաշտպանի կողմից վեր հանված մի շարք խնդիրներ արագ արձագանքման արդյունքում ստանում են համապատասխան լուծում։
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում։