Չորրորդ օրն է՝ Ադրբեջանը խոչընդոտում է հունիսի 27-ի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինների տեղափոխումն Արցախից Հայաստան: 44-օրյա պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքն ապրում է Վեդիում, նրանք տեղահանվել են Քաշաթաղից: Ստեփանակերտում ապրող Սամվել Թորոսյանի հարազատներն էլ ցանկանում են որդուն հուղարկավորել Եռաբլուրում: Իսկ Ադրբեջանը շահարկում է՝ պնդելով, թե իբր զինծառայողները Հայաստանի զինուժից են:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - ՀՀ մի քաղաքացի չկա Արցախյան պաշտպանության բանակում ծառայող: Զոհվածը ոչ թե ՀՀ քաղաքացի է, գիտեք ով է, հայրն աշխատում էր փրկարար ծառայությունում, հիմա տեղահանված է, ապրում էին Քաշաթաղի շրջանում: Հուղարկավորումը խնդրել են կատարել այդ տարածքում: Ադրբեջանը որքան էլ ցույց տա, որ ՀՀ քաղաքացի է, այդպիսի բան չկա: Միջազգային հարթակում փորձելու են քաղաքականացնել, բայց մենք պարտավոր ենք հարգել այդ ընտանիքի ցանկությունը:
Զոհված զինծառայողների դիերի տեղափոխման խնդիրը պայմանավորված է Արցախում էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի քաղաքականությամբ: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ բազմիցս նշվել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ ու դրան հաջորդած գործողություններով Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ հայերն Արցախում լքեն իրենց տները, ինչի մասին ներքին լսարանի համար բացահայտ հայտարարում է: Սա հերթական շահարկումն է՝ փորձելով ստեղծել հանրային կարծիք:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ադրբեջանը փորձում է շահարկել՝ ասելով՝ այ տեսաք՝ ասում էի, որ հայկական զորքեր կան, ահա ապացույցը, որ հայկական զորքեր կան: Բայց արգումենտները, Ադրբեջանն էլ գիտի, որ ներքին լսարանում կարող են աշխատել, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի ստանում: Իսկ միջազգային հարթակներում վաղուց փաստարկները չեն աշխատում:
Ղազարյանի կարծիքով՝ Բաքվի նպատակն է նաև ընթացող բանակցություններից ստանալ առավելագույնը: Խոչընդոտելով զինծառայողների մարմինների տեղափոխումն ու զրկելով ընտանիքին զոհված հարազատին հուղարկավորելու, շիրմին այցելելու իրավունքից՝ Ադրբեջանը թույլ է տալիս կոնվենցիոն խախտումներ: Արա Ղազարյանի կարծիքով՝ անձնական, ընտանեկան կյանքի հարգման իրավունքի շրջանակում Հայաստանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ լրացնելու Ադրբեջանի դեմ մինչև այժմ ներկայացված հայցերը:
Արա Ղազարյան - Բլոկադան որպես ընդհանուր, որից բխում են բազմաթիվ խնդիրներ, մեկն էլ դիերի տեղափոխումն է: Ամբողջը գալիս է տեղաշարժի խախտումից, որի վերաբերյալ միջազգային ատյանները դիրքորոշում են հայտնել: Ադրբեջանը բացեիբաց դիմակայության է դուրս եկել և՛ ՄԱԿ-ի, և՛ Եվրոպայի խորհրդի դատական, ոչ դատական մարմինների: Հարց է՝ որքա՞ն կբավականացնեն Ադրբեջանի ռեսուրսները, որովհետև իրավական ռեսուրս չունեն:
Ղազարյանը շեշտում է՝ եթե մարդու իրավունքի բաղադրիչով տեղաշարժի ազատության իրավունքի խախտում է, ապա հումանիտար իրավունքի բաղադրիչով՝ պատերազմի գործիք, միջազգային հանցագործություն: Միջազգային իրավունքի մասնագետը կարևորում է ԵԽԽՎ հունիսի 22-ի բանաձևը, որը, ըստ նրա, դիվանագիտական կոշտ ձևակերպումներով ուղերձ էր, որին, Արա Ղազարյանի խոսքով, հնարավոր է հաջորդի նաև Ադրբեջանի մանդատի սառեցման հարց:
Արա Ղազարյան - Նման առաջարկներ եղել են, ընտրությունների կեղծման հետ կապված, իսկ այստեղ գործ ունենք 120 հազար մարդու շրջափակման հետ:
Արդյոք հարազատներն ու Արցախի իշխանությունների ներկայացուցիչները դիմե՞լ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ զոհերի մարմինների տեղափոխման հարցում միջնորդություն իրականացնելու համար. ԿԽՄԿ Երևանի գրասենյակը զերծ մնաց մեկնաբանությունից: