ԲԱՔՎՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Դեսպանից պահանջել են պարզաբանել օրերս Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Փարիզը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողքին է և շարունակելու է ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա:
«Պաշտոնական Բաքուն, հնարավոր է, դիվանագիտական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո արդեն երրորդ օրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում լարված իրավիճակը պահպանվում է՝ բազմահազարանոց ցույցեր, անկարգություններ, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ, խանութներից գողություններ, տասնյակ տուժածներ և 800-ից ավելի ձերբակալված՝ հիմնականում անչափահասներ և երիտասարդներ: Ողջ երկրում կարգուկանոնին հետևելու համար ներգրավվել է 40.000 իրավապահ: Փարիզում, ինչպես ավելի վաղ Մարսելում, հասարակական տրանսպորտը կաշխատի մինչև երեկոյան 9-ը: Մայրաքաղաքի մերձակա մի շարք բնակավայրերում պարետային ժամ է սահմանվել։
Ցուցարարները բողոքում են ոստիկանների անպատժելիության դեմ և պնդում, որ իրավապահ մարմինների բարեփոխման ծրագիրը ձախողվել է: Տղայի վրա կրակած ոստիկանն այժմ կալանքի տակ է՝ կանխամտածված սպանության կասկածանքով։
Ֆրանսիայի նախագահը երկրում զարգացումների ֆոնին լքել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովը և վերադարձել Ֆրանսիա՝ մասնակցելու անկարգությունների դեմ պայքարի հարցով աշխատանքային խմբի նիստին: Էմանուել Մակրոնը ափսոսանք է հայտնել 17-ամյա տղայի մահվան կապակցությամբ, միաժամանակ անընդունելի համարել այն փաստը, որ ոմանք տեղի ունեցածն օգտագործում են անկարգություններ իրականացնելու և պետական կառույցները թիրախավորելու նպատակով:
Ելիսեյան պալատի ղեկավարը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են սոցիալական ցանցերը, որոնց միջոցով պարբերաբար ագրեսիա է քարոզվում, և որոնց պատճառով երիտասարդները նույնիսկ իրական կյանքում իրենց համակարգչային խաղերի հերոս են զգում: Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունը պատրաստվում է աշխատել համապատասխան հարթակների հետ և հայտնաբերել այն օգտատերերին, որոնք սոցիալական ցանցերը բռնության քարոզի գործիք են դարձնում:
Ֆրանսիայում իրադարձությունների ֆոնին ցույցեր են անցել նաև Բրյուսելում, հաղորդվում է Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԶՈՐՔԵՐԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ուկրաինայի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ և կարգադրել ուժեղացնել ուկրաինական զորքերը Բելառուսի ուղղությամբ: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Վոլոդիմիր Զելենսկիի կարգադրությունը կարող է կապված լինել Ռուսաստանում զինված ապստամբության փորձից հետո Բելառուսում «Վագների» ուժերի տեղակայման հետ:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ Կիևին անհանգստացնում է Բելառուսում «Վագներ»-ի տեղակայումը, ուստի ուշադիր հետևում են Ուկրաինային սահմանակից տարածքներում զարգացումներին:
ԱՄՆ-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՅՈՒՆԵՍԿՕ
ԱՄՆ-ը վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ: Համապատասխան բանաձևն ընդունվել է կազմակերպության գլխավոր համաժողովի արտահերթ նստաշրջանում՝ ձայների մեծամասնությամբ: Քվեարկել է 142 երկիր, դեմ է արտահայտվել 10-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը և Չինաստանը։
2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինին մշտական անդամի կարգավիճակ տրվեց: 2017 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշեց դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։ Ջո Բայդենի վարչակազմը վերանայեց այս որոշումը և անդամակցության վերականգնման հայտ ներկայացրեց` խոստանալով աստիճանաբար վճարել 2011 թվականից կուտակված շուրջ 620 միլիոն դոլարի պարտքը:
ԻՐԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ
Իրանում կանանց թույլ կտան ներկա գտնվել ֆուտբոլային խաղերին: Երկրի ներքին գործերի, Սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարարությունների, Ֆուտբոլի ֆեդերացիայի և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կձևավորվի, ստադիոններում գնահատում կիրականացվի և կանանց համար տրիբունաներ կառանձնացվեն։
Իրանում ֆուտբոլային հանդիպումներին կանանց ներկայությունն արգելված էր 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո։