Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի ընտրակաշառքի գործի քննությունը: Պաշտպանական կողմը միջնորդեց մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց: Դատարանում այժմ անջատված մասն է քննվում, մայր գործի քննությունը ԱԱԾ-ում շարունակվում է: Ըստ պաշտպան Էմին Խաչատրյանի` հավասար մրցակցությունը ապահովելու համար իրենց անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը: Նշենք, որ թե ամբաստանյալներին, և թե պաշտպաններին տեսալուսանկարահանել չի թույլատրվում:
Էմին Խաչատրյան (Գագիկ Ծառուկյանի պաշտպան) - Այս ծավալով մենք մեր պաշտպանության մարտավարությունը կառուցել չենք կարող, որովհետև շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել էս գործի վրա նախաքննության ընթացքում: Ամբողջ ՀՀ տարածքում հարյուրավոր, հազարավոր մարդիկ են հարցաքննվել, այս ամեն ինչը ես վերացական եմ ասում, նշանակում է` էն, որ մենք ծանոթ չենք էդ նյութերին և չենք կարող ասել` արդյոք էդ նյութերում մեզ արդարացնող տվյալներ կան, թե ոչ:
Հանրային մեղադրող Էդուարդ Աղաջանյանը միջնորդությունը անհիմն որակեց, նշեց՝ որևէ հիմնավորում չի բերվել ու չի կարող բերվել, թե ինչ կարգավորման հիման վրա կարող են տրամադրվել գործի բոլոր նյութերը:
Էդուարդ Աղաջանյան (հանրային մեղադրող) - Կոնկրետ այս գործը անջատվել է կոնկրետ անձանց վերաբերյալ կոնկրետ մեղսագրվող արարքների շրջանակներում և համապատասխան ապացույցների բազայով ուղարկվել է դատարան:
Միջնորդության ու հանրային մեղադրողի ելույթին արձագանքեց նաև ամբաստանյալ Ծառուկյանը, ինչն անցավ լարված մթնոլորտում:
Գագիկ Ծառուկյան (ամբաստանյալ) - Լսելով մեր դատախազի ասածը, ապացույցները` ես ուղղակի ամաչում եմ. էսքան քննություն կատարեցին, 120 հատ քննիչ, 1000-2000 հոգու քննելով, տանելով, փակելով․ մեկին՝ 1 ամիս, մեկին՝ 2 ամիս.... մեկը ասած կլինի, որ Ծառուկյանը գումար ա տվել, կաշառք ա տվել։ Ամոթ ա։ Հասկացանք՝ քաղաքական իրավիճակ ա եղել, էս ա եղել, էն ա եղել։ Ծառուկյանը հայտարարություն ա արել հունիսի 5-ի հետ կապված, որ էսօր էս օրին ենք ընկել։ Հայ եք, էս երկրում ապրում եք, ընտանիք ունեք, դուք մարդ եք։ Հունիսի 5-ին ասե՞լ եմ՝ ինչ ա լինելու մեր ճակատագիրը, մեր վիճակը ինչ ա լինելու։ Եղա՞վ իմ ասածը:
Ծառուկյանը հավելեց, որ 55 հատոր գործից միայն 3-ն է ներկայացվել, մնացածը, ըստ նրա, պահել են:
Գագիկ Ծառուկյան - Եթե հարգելի դատախազը մի հատ փաստ ունենա... էնպես գեղեցիկ տառերով բացատրում ա, ես ասում եմ՝ դու գիշերը գնալու ես տուն, քնես, մտածես:
Դատախազ Դավիթ Աղաջանյանն ընդհատեց Ծառուկյանին, դատարանին հորդորեց ամբաստանյալին զսպվածության, ողջախոհության կոչ անել:
Դավիթ Աղաջանյան - Ո՞ւմ ա ամոթ, ո՞ւմ համար եք ասում, որ տենց ներկայացնում եք, փառք Աստծո, ես շատ հանգիստ քնում եմ։
Դատավորը հորդորեց կողմերին անձնական դաշտ չմտնել, նման արտահայտություններ չանել, ապա Ծառուկյանին նստելու կոչ արեց, նա էլ հայտարարեց՝ ինքը դեռ իր խոսքը կասի: Լսելով կողմերին` դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, ԱԱԾ-ից կպահանջվեն քրեական գործի բոլոր նյութերը: Պաշտպաններն էլ առաջարկեցին նիստը հետաձգել՝ գործի նյութերին ծանոթանալու, ծավալը գնահատելու համար։ Այս հարցերի վերաբերյալ մեղադրողը դիրքորոշում չհայտնեց, հայտարարեց` դատարանի որոշումը համարում է անօրինական և անհիմն:
Նիստի ավարտին լրագրողները փորձեցին հարցեր ուղղել Գագիկ Ծառուկյանին, սակայն նա ասաց` 2 օր առաջ պատասխանել է բոլոր հարցերին, և հեռացավ:
Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը ընտրողներին կաշառք բաժանելու համար: Խոսքն ընդհանուր 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան