Ֆրանսիայում 17-ամյա դեռահասի սպանության պատճառով բռնկված անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 667-ը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտնել է, որ հինգշաբթի գիշերը տեղի ունեցած անկարգությունները նշանավորվել են «բռնության անսովոր բարձր մակարդակով»:
Խոշոր անկարգություններ են տեղի ունեցել Փարիզում և նրա շրջակայքում։ Մասնակիցները հրկիզել են կառավարական շենքերը, այդ թվում Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Մոնս-ան-Բարելի քաղաքապետարանը, ինչի արդյունքում շենքը մասամբ այրվել է, թալանել են սուպերմարկետներ։ Le Figaro թերթը նշել է, որ գիշերային իրադարձությունները լուսաբանող մի շարք ֆրանսիացի լրագրողներ նույնպես ենթարկվել են ագրեսիվ տրամադրված քաղաքացիների հարձակմանը։
Բացի Փարիզի շրջանից, անկարգություններ հրահրողները դուրս են եկել նաև Լիոնի, Գրենոբլի, Անսիի և Ֆրանսիայի մյուս քաղաքների փողոցներ։ Նրանց մեծ մասը 14-18 տարեկան երիտասարդներ են:
Հունիսի 27-ին ոստիկանության աշխատակիցը 17-ամյա դեռահասից պահանջել էր կանգնեցնել մեքենան։ Այն պահին, երբ նա հրաժարվել է կատարել պահանջը, իրավապահը կրակել է նրա վրա։ Ոստիկանության աշխատակիցն այս պահին կալանքի տակ է։
Սպասվում է նախարարների կաբինետի արտակարգ նիստ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, որի ժամանակ կքննարկի ճգնաժամային իրավիճակը՝ կապված գիշերային չդադարող բողոքի ակցիաների հետ: