2024-ի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտի բոլոր ապրանքատեսակները միատեսակ տուփերով կվաճառվեն, կտարբերվեն միայն ապրանքանիշի անվանումով: Ըստ առողջապահության նախարարության հեղինակած օրենքի՝ արգելվում է տուփերի վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ տարբերանշանները: Մասնագետների համոզմամբ՝ արտադրողի համար ծխախոտի տուփը մարքեթինգի մի մաս է, որը լրացուցիչ սպառում ապահովելու խնդիր է լուծում.
Մարիամ Մնացականյան (ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ) - Պարզ փաթեթավորումը կամ միատեսակ փաթեթավորումը բերում է սպառման նվազեցման ի հաշիվ նոր սպառողների, կանխարգելում է նոր սպառողների առաջացմանը:
Սպառողների խորհրդատվական կենտրոնի նախագահի համոզմամբ, սակայն, այս օրենքը սպառողների վրա դրական առումով տեսանելի ազդեցություն չի ունենա, առավել արդյունավետ է համարում այլ երկրներում կիրառվող կանխարգելիչ միջոցառումները,
Կարեն Չիլինգարյան («Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ) - Հիմնարկի ղեկավարությունը խրախուսում է չծխողներին և հավելյար գումար է վճարում դրա համար, դա էլ է ինչ-որ քայլ, ցավոք սրտի, դա մեզ մոտ չի արվում:
Հանրային առողջության մասնագետը հակադարձում է՝ կանխարգելիչ միջոցներն իհարկե լրացուցիչ դրական ազդեցություն կարող են ապահովել, սակայն տուփերի միատեսակությանը վերաբերող կարգավորումը տարբեր երկրներում արդեն ապացուցել է արդյունավետությունը.
Մարիամ Մնացականյան - Առաջինը երկրներից Ավստրալիան էր, որը դեռ 2012 թվականին ընդունել էր այս օրենքը և մոտ 6 ամսվա ընթացքում 80 %-ով բարձրացավ ծխախոտի դադարեցման թեժ գիծ զանգողների քանակը:
ԵԱՏՄ անդամ երկրների համար փաթեթավորման մասով գործում են տեխնիկական կանոնակարգեր, ըստ որոնց՝ ծխախոտը պետք է վաճառվի տարբեր հիվանդություններ պատկերող նկարներով: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ այս կանոնակարգերը պարտադիր ուժ ունեն անդամ երկրների համար, ուստի 2024-ից ուժի մեջ մտնող դրույթը հակասում է դրան.
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մի քանի տարբերակ կա՝ կա՛մ պետք է օրենքը վերանայենք՝ այդ դրույթը չեղարկենք, կա՛մ պետք է Հայաստանի համար բացառություն արվի:
Թունյանը դժվարանում է ասել, թե արդյոք այժմ հնարավոր է այս հարցով ԵԱՏՄ-ի հետ պայմանավորվածության հասնել: Էկոնոմիկայի նախարարությունը ծխախոտային արտադրատեսակները միանման տուփերով թողարկելու առաջարկը արդեն ներկայացրել է ԵԱՏՄ:
Ժաննա Զաքարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Ըստ ընթացակարգի քննարկվել է ԵԱՏՄ պետությունների կողմից, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կողմից ստացվել է բացասական դիրքորոշում, դեռևս չենք ստացել Ղազախստանի Հանրապետությունից և Ղրղզստանի Հանրապետության կողմից կարծիքներ:
Թեև օրենքի կիրառմանը կես տարի է մնացել, և այն սահմանում է բոլորի համար միատեսակ տուփով արտադրանք, դեռ մշակված չէ տեխնիկական կանոնակարգը, օրինակ, թե կոնկրետ ի՛նչ տեսք ու չափ պետք է ունենա այդ տուփը կամ ինչ հումքից պատրաստված լինի: Պարզ չէ նաև՝ կթույլատրվի՞ արդյոք հին տուփերով արտադրած կամ ներմուծած խմբաքանակի սպառումը: «Լուրերը» կապ հաստատեց նաև ծխախոտ արտադրող երեք տարբեր ընկերությունների հետ, փոփոխության վերաբերյալ նրանց տեսակետը սակայն ճշտել չհաջողվեց:
Ծխախոտի սպառման նվազեցման նպատակով Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ այսօր կազմակերպել էր աշխատաժողով: ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բացման խոսքում կարևոր համարեց միատեսակ փաթեթավորման հարցում ԵԱՏՄ երկրների համաձայնությունը:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Եթե մենք չկարողանանք միասնական այս, ուրեմն պարզ փաթեթավորում ներդնել Միության կանոնակարգերում, ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չի կարողանա պարզ փաթեթավորում կիրառել իր երկրում:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ծխախոտի դեմ պայքարի հարցերով տեխնիկական պատասխանատու Անժելա Չիոբանուն միատեսակ տուփերով ծխախոտի կիրառման հարցում օրինակելի է համարում Ֆրանսիայի փորձը:
Անժելա Չիոբանուն (ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ծխախոտի դեմ պայքարի հարցերով տեխնիկական պատասխանատու) - 2016-2018 թվականների ընթացքում ծխելու ցուցանիշը 29-ը տոկոսից դարձել է 25 տոկոս:
ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Կրիտիկա Խանիջոն ողջունում է օրենսդրական փոփոխությունները, շեշտում, Հայաստանը կհամալրի մոտ երկու տասնյակ երկրների ցուցակը, որոնք միատեսակ փաթեթավորմամբ փորձում են սահմանափակել ծխախոտի տարածումը:
Կրիտիկա Խանիջո (ԱՀԿ հանրային առողջության իրավունքի և քաղաքականության բաժնի իրավաբանական հարցերով տեխնիկական պատասխանատու) - 2024 թվականից օրենքի գործարկմամբ՝ Հայաստանը կդառնա այս գործընթացն առաջ տանող երկրներից մեկը և այդ առումով կառաջնորդի նաև ԵԱՏՄ երկրները:
Նույնիսկ հակածխախոտային օրենսդրության խստացման պայմաններում ամեն տարի ծխախոտի պատճառով մահանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտի արտադրությունը ևս չի նվազում: Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում 9 միլիարդ 431 մլն հատ ծխախոտ է արտադրվել՝ 27 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան