Մինչև 2023-ի սուբվենցիոն ծրագրերը լայն թափով իրականացվում են, Կառավարությունն արդեն հաստատել է 2024-ի նախնական հայտերը:
Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Ինքը նոր ռեկորդ ա, որովհետև եթե նախորդ տարիների հետ համեմատում ենք, բավականին մեծ թվով ու արժեքներով հայտեր ենք ստացել: 2024-ի նախնական հայտերի ընդհանուր գումարը շուրջ 115 մլրդ դրամ է:
Հայտերի ներկայացման ժամկետի փոփոխությունն այս գարնանն են արել, նպատակը ժամանակը խնայելն է:
Նարինե Ավետյան - Ստացվում էր այնպես, որ գալիս էր շինարարության համար ոչ բարենպաստ պայմաններ, մինչև մենք հանձնաժողովում քննարկում էինք, մինչև նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստում էին, այս փոփոխությամբ նաև մեծացրինք նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման:
Հիմա մարզերը փաստաթղթերը ներկայացնելու համար 6 ամիս ունեն՝ և՛ ճիշտ նախագիծ կազմելու, և՛ անհրաժեշտ փոփոխությունների համար: 2024-ի սուբվենցիոն նախնական հայտերի թիվը 380 է: Պետբյուջեի համաֆինանսավորումը 60 մլրդի է հասնում:
Նարինե Ավետյան - Ամեն ծրագիր ենթադրում է 10-15 ենթածրագիր, եթե կոպիտ ասենք՝ մինչև 1000 ծրագիր կարող է լինել:
Որ ծրագրերը և՛ ծավալի, և՛ արժեքի մասով մեծացել են, համայնքների խոշորացման արդյունքն է՝ նշում է Ավետյանը: Այն բնակավայրերը, որոնք ի վիճակի չէին սեփական բյուջեով որևէ ծրագիր իրականացնելու, հիմա կարողանում են:
Նարինե Ավետյան - Մենք մարզեր ունենք, որ 20 մլրդի ծրագիր է ներկայացրել, ճիշտ է՝ մտահոգված ենք՝ կկարողանա՞ն իրականացնել, թե՞ ոչ, բայց ցանկություն ունեն:
Ռեկորդակիր մարզը Արարատն է, սուբվենցիոն ծրագրերով գերազանցել է Գեղարքունիքին, որտեղ 2024-ին 16 մլրդի ներդրում կարվի: Չնայած վերջին տարիներին սուբվենցիոն և պետական ծրագրերով հանրապետությունում տարեկան միջինը 700 կմ ճանապարհ է կառուցվում, միևնույն է՝ սուբվենցիոն ծրագրերում առաջատարը...
Նարինե Ավետյան - Ասֆալտ՝ ճանապարհային ոլորտ, շուրջ 34 մլրդ դրամի, երկրորդ տեղում հասարակական շենք-շինություններ, երրորդում նախադպրոցական հաստատություններն են, հետո՝ խմելու ջուր ու ոռոգում:
Սուբվենցիոն ծրագրերով կառուցվող 115 մանկապարտեզ հիմա գտնվում է շինարարության փուլում: Մինչև 2026 թ. 500 մանկապարտեզ կառուցել-վերանորոգելու Կառավարության ծրագրով պետության մասնաբաժինը մեծացավ, հայտերը՝ շատացան:
Նարինե Ավետյան - Մանկապարտեզների քանակը 2024-ի չեմ կարող ասել, բայց ամեն ծրագրի մեջ կա 7-8 նախադպրոցական հաստատություն, միայն կասեմ, որ 14.5 մլրդի ծրագիր կա:
Չնայած վերջին տարիներին պետություն-համայնք և մասնավոր գործակցությամբ արվող մեծ ներդրումներին՝ համայնքներից հայտերը չեն պակասում, հակառակը՝ ավելանում են: Պատճառը, ըստ Ավետյանի, ոչ միայն ժամանակին չարված ու կուտակված գործն է, այլև ճիշտ աշխատելաոճը: