Բելառուսում «Վագների» ներկայությունը անհանգստացնում է Լեհաստանին և Լատվիային: Լեհաստանը մտադիր է ուժեղացնել սահմանը, Լատվիան մտահոգ է, որ Մինսկը կարող է զինյալներին օգտագործել հարևանների դեմ:
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր և անկարգություններ են: Հունիսի 27-ին Նանտերում ոստիկանը ճանապարհային ստուգումների ժամանակ փորձել է կանգնեցնել 17-ամյա վարորդի մեքենան: Այն բանից հետո, երբ տղան հրաժարվել է կատարել ոստիկանի պահանջը, վերջինս կրակ է բացել: Վարորդը մահացել է: Ոստիկանը կալանավորվել է կանխամտածված սպանության կասկածանքով։
Միջադեպից հետո Նանտերում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, քաղաքացիներն այրել են ոստիկանական մեքենաներ, բաժանմունքներ, պետական այլ կառույցների շենքեր: Կան տասնյակ ձերբակալվածներ և տուժածներ:
Տեղի է ունեցել արտահերթ միջգերատեսչական խորհրդակցություն՝ երկրում անկարգությունների հետ կապված: Էմանուել Մակրոնն անդրադարձել է նաև ոստիկանի կողմից սպանված 17-ամյա վարորդի հիշատակին այսօր Նանտեր քաղաքում նախատեսված սպիտակ երթին:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԱՂՍՏԱՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստան կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Դերբենդի Ջումա մզկիթ և Նարին-Կալա ամրոց: Նրան զեկուցել են Դաղստանում զբոսաշրջության զարգացման և համապատասխան ենթակառուցվածքների ընդլայնման հեռանկարի մասին։
Ռուսաստանում հունիսի 24-ին զինված ապստամբության փորձից հետո առաջին անգամ Պուտինը Դերբենտում հանդիպել է նաև քաղաքացիներ հետ: Կրեմլի ղեկավարը հանդիպում է ունեցել նաև Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովի հետ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ Վագների գործողությունների ֆոնին դաղստանցիները միանշանակ աջակցում են ռուսական իշխանության գործողություններին:
«ՎԱԳՆԵՐԸ» ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ. ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Լեհաստանի իշխանությունները կուժեղացնեն Բելառուսի հետ երկրի սահմանը՝ այնտեղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերի տեղակայման հետ կապված։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բելառուսում շուրջ 8000 զինյալ կա: Այս փաստը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի համար»,- նշել է պաշտոնյան:
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը ևս հայտարարել է, որ Բելառուսում «Վագներ»-ի հայտնվելը բացասաբար կազդի տարածաշրջանային անվտանգության վրա։ Նա կարծիք է հայտնել, թե Մինսկը կարող է ընկերության զինյալներին օգտագործել հարևանների դեմ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հավատացրել է, որ Դաշինքը պատրաստ է դիմակայել Մոսկվայից կամ Մինսկից հնարավոր բոլոր սպառնալիքներին: «Դաշինքն ամրապնդել է արևելյան թևը և Պրիգոժինի գործողությունների ֆոնին կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքը»,- հավելել է Ենս Ստոլտենբերգը։
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՂՈՒՐԱՆ ԵՆ ԱՅՐԵԼ
Ստոկհոլմի կենտրոնում հերթական անգամ Ղուրան են այրել: Լրատվամիջոցների տվյալով՝ ակցիայի կազմակերպիչը 37-ամյա իրաքցի է: Ակցիայի մեկնարկին նա արաբերեն դիմել է հավաքվածներին, այնուհետև խոզի միս է դրել մահմեդականների սուրբ գրքի օրինակի վրա և այրել Ղուրանը:
Շվեդական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում տղամարդը հայտարարել է, որ իր ակցիան ուղղված չէ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, նա ուղղակի ցանկանում է, որ Ղուրանը Թագավորությունում արգելվի։ Այնուհանդերձ, որոշ շվեդ փորձագետների կարծիքով՝ մոտ օրերս Բրյուսելում Շվեդիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների միջև նախատեսված հանդիպմանն ընդառաջ նման ակցիան կարող է խանգարել Դաշինքին Ստոկհոլմի միանալու գործընթացը:
Շվեդիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ու արդարադատության նախարարությունը Ղուրանի այրման ակցիայի համար թույլտվություն չեն տվել։
«Թույլտվության հարցը լուծում է ոստիկանությունը: Մեր երկրում խոսքի ազատությունը շատ կարևոր է, բայց նաև հասկանում ենք, որ այս դեպքում դա կարող է վիրավորել շատերին: Համենայն դեպս՝ թույլտվությունը չի նշանակում աջակցություն»,- ասել է նախարար Գունար Շտրյոմերը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դատապարտել է տեղի ունեցածը, շեշետել՝ խոսքի ազատության պաշտպանության քողի ներքո նման հակաիսլամական գործողություններն անընդունելի են և հետևանքներ կունենա:
Հունգարիայի խորհրդարանն էլ կառավարության հանձնարարությամբ մինչև աշուն հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը։ Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 11-12-ը, որի շրջանակում Դաշինքի անդամ երկրները հուսով են առաջ շարժվել Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ: Այժմ այդ գործընթացը խաթարում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն Թուրքիան և Հունգարիան: