Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 28-ին հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել ԼՂ ՊԲ-ի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՊԲ 4 զինծառայող է զոհվել: Այդ մասին Կառավարության հունիսի 29-ի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:
«Պիտի ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե, իբր, ԼՂ ՊԲ-ն շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը ԼՂ-ի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում: Այսինքն՝ ըստ էության, այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի գործելակերպը ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված 22/56 բանաձևն է, որում նշվում է, որ ԵԽ-ն անհանգստացած է հայերի դեմ կիրառվող Ադրբեջանի սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում ոչ միայն մերժել նման հռետորաբանությունը, այլև քայլ ձեռնարկել ատելության խոսքի դեմ:
«Նույն բանաձևի 8-րդ կետում վեհաժողովն արձանագրում է. «Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները»:
Այս համատեքստում համաժողովը հրատապ կոչ է անում լուծել ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»,- նշվում է բանաձևում:
Վեհաժողովը նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է: Արձանագրվել է նաև Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչությանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումներից զրկելու փաստը, կոչ է արել վերականգնել այդ մատակարարումները, կատարել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը:
Նիկոլ Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել, որ ԵԽԽՎ բանաձևի կապակցությամբ ընդունված հանձնարարականում նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես «հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ», և ԵԽ ԱԳ նախարարի կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա՝ ընդգծելով ԼՂ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը:
«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ-ի գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով»,- ասաց նա:
Վերադառնալով հունիսի 28-ի սադրանքին՝ Փաշինյանն ընդգծեց, որ դրա նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն:
«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը ԱԳ նախարարի գլխավորությամբ Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ:
Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր Կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,- ասաց վարչապետը: