Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, դեսպանության անձնակազմին և Միացյալ Նահանգների ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:
Նախագահն ընդգծել է ԱՄՆ աջակցության կարևորությունը անկախացումից հետո Հայաստանի զարգացման և երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի և բազմաշերտ համագործակցության շարունակական զարգացման վերաբերյալ: