ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այցելել են ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ օմբուդսմենի հանձնարարությամբ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ այդ պահին գործուղման է եղել Վիեննայում:
«Պարոն Աշոտյանը, ըստ էության, պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել, նրա հիմնական մտահոգությունները վերաբերել են գործին վերաբերելիք հանգամանքներին և գործի քննությանը վերաբերելիք հանգամանքներին, ինչպես նաև իր խափանման միջոցին վերաբերելիք հանգամանքներին: Այդ բոլոր հարցերը մենք, ըստ էության, արձանագրել ենք, փաստաթղթավորել ենք, նաև անընդհատ կապի մեջ են եղել աշխատակազմի ներկայացուցիչները պարոն Աշոտյանի փաստաբանի հետ: Եվ այդ հարցերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք համապատասխան իրավասու մարմիններին և պարզաբանումներ ստանալուց հետո կորոշենք ՄԻՊ-ի և պաշտպան աշխատակազմի հետագա գործողությունները»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞՛նչ եզրահանգման են եկել, Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվել իշխանությունների կողմից, ՀՀ ՄԻՊ-ը պարզաբանեց. «Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ և դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև շատ կարևոր է հասկանալ մյուս կողմի, այսինքն՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Եվ միայն դրա համադրման միջոցով է, որ մենք հնարավորություն ենք ունենում եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ:
Եվ դա է պատճառը, որ ես կխնդրեմ, որպեսզի պարզապես մենք սպասենք այդ պարզաբանումներին, հասկանանք այդ պարզաբանումները, համադրենք այդ ամենը և դրանից հետո նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք կիրառել»: