18.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գործադիրը 18.9 միլիարդ դրամ հատկացրեց Հայաստանի 24 ճանապարհահատվածի և տրանսպորտային մեկ օբյեկտի շինաշխատանքների համար: 47 կմ ճանապարհների շինաշխատանքներն այս տարի կավարտվեն: Դրանք միջպետական, հանրապետական և տեղական նշանակության են՝ զեկուցեց ոլորտային գերատեսչության ղեկավարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կկառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Պարոն վարչապետ, որպեսզի այս մասը հստակ լինի, որ 18.9 մլրդով 43 կմ ենք կառուցում. եթե որևէ ճանապարհ չենք ավարտել, դրա կմ-ը չենք հաշվում 500 կմ-ի մեջ: Մոտ 19 մլրդով ավելի շատ երկարությամբ ճանապարհ ենք սկսում, բայց հիմա 47-ն ենք ավարտում: Դա նախահաշի՞վն է. այո:
Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերում: Ծրագրում ընդգրկված են Երասխ-Տիգրանաշեն՝ 4.65 կմ, Գորիս-Կապան՝ 3.4 կմ, Մարտունի-Ծովակ ճանապարհահատվածները: Թվարկելիս վարչապետը հիշեցրեց 2018-ին առաջադրված խնդիրը՝ Սևանա լիճը շրջապատող ճանապարհները պետք է լինեն բարձրակարգ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Վերջերս անցել եմ այդ ճանապարհով, և ըստ էության կարող ենք ասել՝ խնդիրը լուծվել է: Ճանապարհը, որ 2018-19-ին լավ վիճակում էր, նորոգման կարիք ունի: Ճանապարհը կբերենք լավ վիճակի: Դա կարևոր է տնտեսական վիճակի, ներդրումների առումով:
Տավուշ այցի ընթացքում վարչապետը հետևել է Թթուջուր-Նավուր՝ 15.1 կմ ճանապարհի շինաշխատանքների նախապատրաստմանը: Վարչապետը հորդորեց հասկանալ Գանձաքար-Իծաքար ճանապարհի նորոգման՝ գրաֆիկից շեղվելու պատճառը և օբյեկտիվ որոշում կայացնել: Կնորոգվի Հրազդանի տրանսպորտային հանգույցից Ծաղկաձորի մարզահամալիր 5.4 կմ ճանապարհը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ Սանոսյանը նշեց, որ Ծաղկաձորի ճանապարհների ծրագիրը դանդաղել է շինարարների աշխատանքի պատճառով:
Գնել Սանոսյան - Հիմա, հուրախություն մեզ, բոլոր լուծումները գտնված են, ով պետք է պատժվեր, նոր շինարարներ կան, աշխատանքները նորմալ ընթացքում են, հնարավորինս արագ քաղաքը տեսքի կբերենք:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծրագրերին ճանապարհաշինական ընկերությունների մասնակցությանը և հորդորեց պահպանել աշխատանքների իրականացման ժամկետները: Վարչապետի խոսքով՝ խնդիրներ կան նաև այլ վայրերում, դրանք կապված են թե՛ շինընկերությունների կարողությունների, թե՛ նաև նախագծման աշխատանքների հետ:
Նիկոլ Փաշինյան - Մի ճանապարհահատված, որ անընդհատ ձգձգվում էր, հասկացա, որ շինարարության ընթացքում 3-4 անգամ նախագիծ է փոխվել, քանի որ պարզվել է՝ սխալ է նախագծվել: Նույն կոյուղագծերը չեն եղել նախագծում և այլ: Մեր արձագանքը պետք է լինի՝ հետևողական և շարունակական աշխատել: Այնտեղ, որտեղ պետք է օբյեկտիվորեն աջակցենք մասնավորին, պետք է, որտեղ պետք է պատժենք, պետք է անենք: Մասնավորին խրախուսենք, ներդրումներ անենք, որ կարողանանք պետական ծրագրերն իրականացնել:
Հատկացված միջոցներով նախատեսված է նաև Նորավան-Որոտան-Շամբ 7.9 կմ ճանապարհի ծրագիրը, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունի ռազմավարական նշանակություն: Տաթև-Լծենի կառուցումն ավարտված է, և այն նորմալ գործում է: Վարչապետի խոսքով՝ ամբողջովին նոր մայրուղին էականորեն կրճատում է Կապանից և Մեղրիից Երևան ճանապարհը:
Նիկոլ Փաշինյան - Արդեն կունենանք 2 ճանապարհ այլընտրանքային, ինչը կարևոր է: Աղվանի-Տաթև ճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման երկու փուլերն ենք ֆինանսավորվում: Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցում՝ 8 կմ: Ի՞նչ որոշեցիք՝ գրունտայի՞ն, թե՞ ասֆալտ:
Գնել Սանոսյան - 3-րդ անգամ սրանք ունենք, սելավերը վնասեցին, 8 կիլոմետրը կասֆալտապատենք, 2 կմ-ի համար մասնագետներ կան, մինչև սողանքի լուծումները լինեն:
ԳՆԱՃԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՆԿՈՒՄ ՈՒՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏ
Կարևորելով ճանապարհաշինական ծրագրերը՝ տնտեսական զարգացման ու ներդրումների տեսանկյունից՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության տիրույթում: Հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ այն աճել է 12.5 տոկոսով: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյան - Ուրախալի փաստ ունենք, մեզ մոտ գնաճի որոշակի անկում ունենք, մայիսին կազմել է 1.3 տոկոս: Ուրախալի է, որ ունենք նաև արտահանման աճ՝ մոտ 93 տոկոս: Նաև բանկային համակարգում ունենք կաևոր ցուցանիշներ, որոնք նույնպես ռեկորդային են. ավանդային պորտֆելը 5 տրիլիոն 147 մլրդ 288 մլն դրամ, որը ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է, ապրիլին էր ռեկորդային: Նախորդ ամսվա համեմատ 12 մլրդ դրամի աճ ենք ունեցել: Սա այն ավանդային հաշիվներն են, որ մարդիկ դրամ են պահում: 2018-ի մայիսի նկատմամբ 2023-ի մայիսին ավանդային պորտֆելը կրկնապատկվել է: Բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը կարևոր է, որ լինի այսպիսին, տնտեսական զարգացումը գործոնն է, որը պետք է հնարավորություն տա հասցեագրել խնդիրները:
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԿԼԻՆԻ. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Գործադիրը հաստատեց միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որով, ըստ ֆինանսների նախարարի, կներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, կապահովվի աշխատանքային և այլ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում, կբարելավվի ընտանեկան անապահովության նպաստի համակարգը, կավելանա 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցությունը:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Առողջապահությանը, կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ, դպրոցների ֆինանսավորման վերանայում կլինի՝ անցում կատարելով դասարան թվով ֆինանսավորման, ուսուցիչների աշխատավարձերի շեշտակի բարձրացում:
Մինչև 2026-ը կապահովվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ և տարեկան 500 կմ ճանապարհ կառուցել, վերակառուցելու ծրագրերի իրականացումը: Ներդրումներ կարվեն ջրամաբարների կառուցման համար: Վարչապետի խոսքով՝ միջնաժամկետ ծախսային ծրագիրը կարևոր փաստաթուղթ է, որի վերաբերյալ պետք է հանրային ակտիվ իրազեկում:
ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Նիկոլ Փաշինյան - Այն քաջալերող է, 2021-ի արտահերթ ընտրությունների խոստումների իրականացումը ապահովում ենք սրանով: Մինչև 2026-ը միջին կենսաթոշակները կհապատասխանեցնենք սպառողական, պարենային նվազագույն ցուցանիշներին:
Հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. չզեկուցվող հարցերի փաթեթով Կառավարությունը ընդունեց որոշումը:
Նվազագույն կենսաթոշակի չափը կհասնի 36 հազար դրամի՝ 31 600-ի փոխարեն, միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46 100-ից հասնելով 49 700 դրամի, զինվորական միջին կենսաթոշակը 87 590-ից կհասնի 91 600 դրամի:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության. 68.9, հուլիսի 1-ի բարձրացումով այն հասցնում ենք 73.7 տոկոսի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի 99.5 տոկոս, ինչը նշանակում է, որ անկանխիկ առևտրի դեպքում կանցնենք 100 տոկոսը:
ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆՈՐՈԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
Բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ նորոգման պետական աջակցության ծրագիրը կերկարաձգվի ևս 1 տարով։ Կա 3000 շահառու, արդեն հատկացվել է 6.5 մլրդ դրամ վարկ:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Նշանակում է՝ 1 վարկառուն միջինը 2.2 մլն վարկ է վերցրել, մինչդեռ կարող էր ավելին վերցնել: Եզրակացրինք, որ առաջնահերթ հարցերն են լուծում, վաղը եթե հնարավորություն ունենան, կօգտագործեն մյուս ուղղությունները:
Սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերում վարկի պետական սուբսիդավորումը 14 տոկոս է, Երևանում՝ 9 տոկոս:
Գնել Սանոսյան - Այս և այլ ծրագրերով Հայաստանը աշխարհում առաջատար է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշով: Ատոմակայանի հզորությունից ավելի արևային պանելներ ունենք:
Հունվարի 1-ից 3 փուլով ներդրվել է Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ, զուգահեռ ներդրվել է նաև սոցիալական ծախսերի համակարգ, որով հայտարարատուները հնարավորություն են ստանալու եկամտային հարկից հետ ստանալ իրենց կամ իրենց ընտանիքի անդամների համար կատարված առողջապահության, կրթության և բնակապահովման ծախսերը:
ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Առողջապահության գծով սոցիալական ծախսերի առավելագույն չափ կսահմանվի տարեկան 50 հազար, կրթության մասով՝ 100 հազար դրամ: Փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը տարեկան չեն կարող գերազանցել 100 հազար դրամը: Ֆինանսների նախարարի խոսքով՝ առաջարկվում է բնակապահովման գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ արդեն գործում է եկամտահարկի վերադարձի համակարգը:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես նշվեց, ներդնում ենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է: Ասում ենք՝ սահմանենք ծախսերը, որը հայտարարագրելու դեպքում հարկը ամբողջությամբ հետ է ստանում: Այս որոշմամբ սահմանում ենք՝ որ ոլորտում ինչքան կարող է լինել վերադարձվող գումարի չափը: Էլի այստեղ իրազեկման մեծ աշխատանք ունենք, նոր համակարգ է ձևավորվում:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 180 ԱՎՏՈԲՈՒՍ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ
Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի. չզեկուցվող հարցերի փաթեթով Կառավարությունը ընդունեց նաև այս որոշումը:
Նիկոլ Փաշինյան - ՔՊ-ն խոստացել էր, որ պետք է Երևանը ազատեն «հուսահատության գազելներից» և «մահվան վերելակներից»: Ամբողջությամբ իրականացված չէ, բայց գործն արվում է շատ մեծ տեմպերով, և եթե չեմ սխալվում, այս տարի արդեն Երևանի երթուղային, տրանսպորտային ցանցում մեզ հայտնի գազելները չենք ունենա, և փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով:
Նիստի ավարտին վարչապետը հիշեցրեց, որ Արմեն Փամբուխչյանը, որպես Արտակարգ իրավիճակների նախարար, վերջին անգամ է մասնակցում գործադիրի նիստին: Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ՝ ԱԻՆ-ը հուլիսի 1-ից կմտնի Ներքին գործերի նախարարության կազմ: