ՄԱԿՐՈՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի շրջանակում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Խոսելով Հարավային կովկասում զարգացումների մասին՝ Ելիսեյան պալատի ղեկավարը հավատացրել է, որ վճռական է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարցում: Նա նաև նշել է, որ ԼՂ-ում բնակվող 120 հազար հայերի անվտանգությունն Փարիզի համար առաջնահերթություն է:
«Ես կշարունակեմ ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Նաև գիտեք, որ Փարիզն առաջին անգամ ռազմական կցորդ է ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, և դա ինչ-որ բան նշանակում է: Մենք կանենք հնարավոր ամեն բան»,- ասել է Մակրոնը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Էմանուել Մակրոնի խոսքերին՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահը հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում, ինչն անընդունելի է: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե իբր Մակրոնը նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը:
ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ. ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ
Հայաստանում ԵՄ առաքելությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ դիտորդներն ամեն օր պարեկություն են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, այդ թվում հետևում են Լաչինի միջանցքի սկզբնամասում իրավիճակին՝ ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար։
«ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորությամբ Հարավային Կովկասում ընթացող խաղաղ գործընթացին»,- ասված է գրառման մեջ:
ԵՄ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
ԵՄ-ն դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը։ Ադրբեջանցի պաշտոնյան, որը Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է և Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, հունիսի 23-ին Թվիթերում գրառում է կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան և Ադրբեջանի հետ սահման կատարած այցի: Սադիկովը ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի նկար է տեղադրել և գրել՝ «Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության հրացանի կրակի հեռահարությունը 3000 մետր է»,- գրել էր Սադիկովը՝ հորդորելով հեռու մնալ Ադրբեջանի պետական սահմանից:
ԵՄ խոսնակն արձագանքել է. նշել, որ կառույցում տեղյակ են դեսպանի թվիթերյան գրառումներին: «Մենք դատապարտում ենք նման պահվածքը, որը բացարձակապես անընդունելի է ԵՄ-ում հավատարմագրված դեսպանի համար»,- նշել է նա:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ՄԵՆԵՆԴԵՍ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂ Պաշտպանության բանակի չորս հայ զինծառայողի սպանությանը:
«Խորապես վշտացած եմ Լեռնային Ղարաբաղում չորս հայի սպանության մասին լուրից։ Շարունակում ենք հետևել իրավիճակին, Միացյալ Նահանգները հաստատակամ է տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու հարցում»,- գրել է Մենենդեսը:
AMNESTY INTERNATIONAL-Ը ԲԱՔՎԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թվիթերում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանությանը վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Նշվում է, որ չնայած հունիսի 26-ին Կարմիր խաչին թույլատրվել է վերսկսել ծանր հիվանդների տարհանումը, Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս կա։