ՀՀ բանկային համակարգում ռեկորդային կարևոր ցուցանիշներ են գրանցվել։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կառավարության հունիսի 29-ի նիստին:
«ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլին էլ էր ռեկորդային ցուցանիշ: Այդ ցուցանիշները ռեկորդային բարելավվում են, և նախորդ ամսվա համեմատ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ դրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ բանկերի հաճախորդներն իրենց խնայողություններն են պահում:
«2018-ի մայիսի նկատմամբ 2023-ի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 2,5 տրլն դրամով կամ 96.7 տոկոսով»,- ասաց Փաշինյանը, ապա նշեց, որ շատ կարևոր է, որ բոլոր մարտահրավերների արձագանքը լինի այսպիսին:
«Տնտեսական զարգացումն այն ամենաէական արձագանքն է, գործոնն է, որը մեզ պիտի հնարավորություն տար հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները»,- ասաց վարչապետը: