Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում՝ տնտեսական և ներդրումային ծրագրի էական ֆինանսավորման միջոցով: Բրյուսելում կայացած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում տնտեսական գործակցության հարցերից բացի քննարկվել են նաև զարգացումները օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ Բրյուսելը ողջունել է Երևանի գրանցած առաջընթացը, միաժամանակ ընդգծել դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարևորությունը: Անդրադարձել է եղել նաև տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին, կլիմայական գործողություններին և աղետների ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերում արձանագրված առաջընթացին:
«ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ գործակցությունը: Կարևորելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ Երևանի ջանքերը՝ Եվրամիությունը խրախուսել է Հայաստանին իր ազգային մակարդակով սահմանված գործողություններում նախատեսել արտանետումների նվազեցման ավելի հավակնոտ թիրախներ»:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները Հայաստանի տարածքով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով ընդգծվել է նաև մաքսային ոլորտում գործակցելու կարևորությունը: Քննարկվել է նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։
«Չնայած երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են՝ հարցը նաև քաղաքական որոշում է պահանջում։ Այս համատեքստում ԵՄ-ն շարունակում է խրախուսել ՀՀ-ին երկկողմ մակարդակով ակտիվորեն ներգրավվել ԵՄ անդամ պետությունների հետ շփումներում»:
Քննարկվել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է աստիճանաբար բարդացող անվտանգային միջավայրում: Հայկական կողմը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ վերջին տեղեկությունները: Հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ երկու կողմն էլ մտահոգություն են հայտնել: