24 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինաշխատանքների համար հատկացվել է ավելի քան 18 մլրդ դրամ:
«Նախագծի 24 ճանապարհի այն հատվածները, որոնք այս տարի ավարտական տեսքի կբերվեն, 47 կմ են, որոնց մի մասը միջպետական ճանապարհներ են, մի մասը՝ հանրապետական, մի մասը՝ տեղական: Ընդհանուր գումարը 18.9 մլրդ դրամ է, որից 18.6 միլիարդը շինարարության համար է, մնացած մասը հատկացվում է տեխնիկական և հեղինակային հսկողության համար: Այս 18.9-ով ավելի մեծ կիլոմետրերով ճանապարհներ ենք սկսում, բայց այս փուլում 47-ի ավարտն է նշված»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նման աշխատանքներ նախատեսված են Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում՝ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման համար: Վարչապետը կարևոր է համարել ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը ուղղված ծրագրերը՝ հատկապես տնտեսական զարգացման ու ներդրումների իրականացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ծրագրերին ճանապարհաշինական ընկերությունների մասնակցությանը, հորդորել պահպանել աշխատանքների իրականացման ժամկետները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը.
«2023 թվականին մեկնարկող ճանապարհների մասին. Շիրակի մարզում միջպետական նշանակության ճանապարհի Աշոցք-Բավրա ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ. այս որոշմամբ մի մասն ենք նորոգում, բայց մենք նորոգելու ենք ամբողջ ճանապարհահատվածը: Մ2 միջպետական նշանակության ճանապարհից Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհը (4.65 կմ), Մ2 Գորիս-Կապան ճանապարհահատվածի Կապան համայնքի տարածքում հիմնանորոգման աշխատանքներ պիտի իրականացվեն 3.4 կմ հատվածում»,- ասաց Փաշինյանը:
Գնել Սանոսյանը նշեց, որ Տաթև-Լծենն ավարտված է, ամեն ինչ նորմալ է, գործող ճանապարհ է:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ամբողջովին նոր մայրուղին էականորեն կրճատում է Կապանից և Մեղրիից Երևան եկող ճանապարհը: «Արդեն կունենանք երկու ճանապարհ, ինչը շատ կարևոր է»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ավելացրեց՝ նաև Աղվանի-Տաթև ճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման երկու փուլն է ֆինանսավորվում: