ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԿՀ-ՆԵՐԸ ԳԵՐԲԵՌՆՎԱԾ ԵՆ. ԶԵԿՈՒՅՑ
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Լոզանի համալսարանի պատրաստած «Բանտային բնակչություն. 2022» զեկույցը, որի համաձայն՝ նախորդ տարվա վերջին եվրոպական բանտերում պատիժ էր կրում ընդհանուր առմամբ 981 575 մարդ։ Եվրոպայի խորհրդի տարածքում ամենաշատ բանտարկյալները Թուրքիայում են՝ ավելի քան 303 հազար մարդ, ապա հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ 79 հազար բանտարկյալ:
Ադրբեջանում բանտարկյալների թիվը 22 334 է, երկրի բանտերը համալրված են 87,7%-ով։ Զեկույցի համաձայն՝ բանտարկյալների հարազատների պնդում են, որ Ադրբեջանում քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, և բանտախցերում ավելի շատ դատապարտյալ կա, քան նախատեսված է:
Ադրբեջանում բանտարկյալների վրա ծախսվել է 64,8 միլիոն եվրո՝ մեկ բանտարկյալի համար օրական 7,97 եվրոյի չափով։ Սա ամենացածր ցուցանիշն է Եվրախորհրդի երկրների շարքում՝ Ուկրաինայից հետո։
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցերը և անկարգությունները շարունակվում են: Պատճառը հունիսի 27-ին Նանտերում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունն է, որը հրաժարվել էր կատարել ոստիկանի պահանջը: Ոստիկանը կալանավորվել է կանխամտածված սպանության կասկածանքով։
Միջադեպից հետո Նանտերում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել, քաղաքացիներն այրել են ոստիկանական մեքենաներ, բաժանմունքներ, պետական այլ կառույցների շենքեր, ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Կան տասնյակ ձերբակալվածներ և տուժածներ: Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հունիսի 30-ի գիշերը 40 հազար ոստիկան է ներգրավելու հնարավոր անկարգությունները ճնշելու համար:
ՆԱՏՕ-Ն ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԵՎԸ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Եվգենի Պրիգոժինին զգուշացվել էր՝ եթե պայմանագիր չկնքի Պաշտպանության նախարարության հետ, «Վագներն» այլևս չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին և չի ֆինանսավորվի, հայտարարել է պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապալովը։ Նրա խոսքով՝ Պրիգոժինը հրաժարվել է գործակցել ՊՆ-ի հետ:
«Արդյունքում փողը, հիմար հավակնությունները հանգեցրին դավաճանության», - նշել է պաշտոնյան։
Մինչ այդ՝ միջազգային հանրությունը մտահոգված է, որ այսուհետ «Վագներ»-ը տեղակայվելու է Բելառուսի տարածքում: Լեհաստանի փոխվարչապետը տեղեկացրել է, որ իշխանությունները կուժեղացնեն Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բելառուսում շուրջ 8000 զինյալ կա: Այս փաստը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի համար»,- նշել է պաշտոնյան:
Լատվիայի նախագահը ևս հայտարարել է, որ Բելառուսում «Վագներ»-ի հայտնվելը բացասաբար կազդի տարածաշրջանային անվտանգության վրա։ Նա կարծիք է հայտնել, թե Մինսկը կարող է ընկերության զինյալներին օգտագործել հարևանների դեմ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հավաստիացրել է, որ «դաշինքն ամրապնդել է արևելյան թևը և Պրիգոժինի գործողությունների ֆոնին կպաշտպանի դաշինքի տարածքը»։
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՂՈՒՐԱՆ ԵՆ ԱՅՐԵԼ
Ստոկհոլմի կենտրոնում հերթական անգամ Ղուրան են այրել: Լրատվամիջոցների տվյալով՝ ակցիայի կազմակերպիչը 37-ամյա իրաքցի է: Ակցիայի մեկնարկին նա արաբերեն դիմել է հավաքվածներին, այնուհետև խոզի միս է դրել մուսուլմանների սուրբ գրքի օրինակի վրա և այրել Ղուրանը:
Տղամարդը հայտարարել է, որ իր ակցիան ուղղված չէ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, նա ուղղակի ցանկանում է, որ Ղուրանը Թագավորությունում արգելվի։ Այնուհանդերձ, որոշ շվեդ փորձագետների կարծիքով՝ մոտ օրերս Բրյուսելում Շվեդիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների միջև նախատեսված հանդիպմանն ընդառաջ նման ակցիան կարող է խանգարել Դաշինքին Ստոկհոլմի միանալու գործընթացը:
Թուրքիայի նախագահն արձագանքել է:
«Մենք չենք խոնարհվի սադրանքների և սպառնալիքների քաղաքականության առաջ: Մենք ցույց կտանք Արևմուտքի ամբարտավան ժողովրդին, որ մուսուլմանների սրբազան արժեքները վիրավորելը խոսքի ազատություն չէ», - զգուշացրել է Էրդողանը:
Տեղի ունեցածի հետ կապված՝ Ամմանում Շվեդիայի դեսպանը կանչվել է Հորդանանի ԱԳՆ: Նախարարությունը կատարվածն անվանել է իսլամաֆոբիայի դրսևորում: Ղուրանի այրումը դատապարտել են նաև Սաուդյան Արաբիան, Իրանը, Մարոկկոն, Իրաքը և իսլամական աշխարհի այլ երկրներ:
Բաղդադում հարյուրավոր ցուցարարներ կոտրել Շվեդիայի դեսպանատան դարպասները և ներխուժել ներկայացուցչության տարածք: Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չկան։