Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է 6.5 մլն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհի տրամադրում:
Ֆինանսավորման համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը: Այդ նպատակներին հասնելու համար նախատեսվում է գյուղական վայրերում բարելավել հասանելիությունը էներգաարդյունավետ և կայուն էներգիայի լուծումներին:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի չորս շրջաններում՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ:
Միաժամանակ կիրականացվեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ էներգաարդյունավետ սարքավորումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգախնայող միջոցառումների վերաբերյալ:
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը:
Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։