Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան այցելած Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև գործակցության զարգացման կարևորությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում: Քեթրին դը Բոլը վստահություն է հայտնել, որ երևանյան քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն գործակցությունը: Վարչապետն ու Եվրոպոլի գործադիր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրության նաև այլ հարցեր:
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ Եվրոպոլի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Քեթրին դը Բոլը և Վահե Ղազարյանը ծաղկեպսակ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Եվրոպոլի տնօրենը շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում:
Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Քննչական կոմիտեի նախագահը: Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարում նաև ԵՄ-ի հետ գործակցող երկրներին փորձագիտական, տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու՝ Եվրոպոլի առաքելությունը։ Քննչական կոմիտեի նախագահը դրա անհրաժեշտությունը պայմանավորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային գործակցության խթանման, ինչպես նաև երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերվող կապիտալի վերադարձմանը և Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությամբ։
Եվրոպոլի գործադիր տնօրենը նշել է, որ իր ղեկավարած կառույցը բաց է Հայաստանի հետ գործակցության համար և պատրաստ է օժանդակել ԵՄ անդամ կամ գործընկեր երկրներում գործող կոնտակտային կետերին Հայաստանի առավել ինտեգրմանը, որի նախադրյալներն արդեն դրվել են։ Հաղորդակցության միջազգային հարթակը հնարավորություն կտա նաև Հայաստանի քննչական մարմնին կտրուկ բարձրացնել ցանցում ընդգրկված երկրների իրավասու կառույցների հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, իրավական խնդիրներին արձագանքելու օպերատիվությունը։
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ու Եվրոպոլի տնօրենը ձեռք են բերել գործակցությունն առարկայական դարձնելուն ուղղված պայմանավորվածություններ։
Հեղինակ` Նորայր Շողիկյան