ԵՄ-ն դատապարտել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված ակնհայտ սպառնալիքը։ ԵՄ խոսնակն OC Media-ին ասել է, որ իրենք տեղյակ են դեսպանի թվիթերյան գրառումներին: «Մենք դատապարտում ենք նման պահվածքը, որը բացարձակապես անընդունելի է ԵՄ-ում հավատարմագրված դեսպանի համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է խոսնակը:
Սադիկովը, որը Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանն է և Եվրամիությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, հունիսի 23-ին Թվիթերում գրառում է կատարել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության՝ Հայաստան և Ադրբեջանի հետ սահման կատարած այցին:
Սադիկովը տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի նկարն ու նկարագրությունը՝ հետևյալ մակագրությամբ.
«Նրանք գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»:
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, որը գլխավորում է Եվրախորհրդարանի անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովն ու պատվիրակությունը Հայաստանում, զայրացած արձագանքել էր Սադիկովի թվիթին:
«Արդյոք սա սպառնալի՞ք է Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Դա իսկապե՞ս ադրբեջանցի «դիվանագետն» է ասում։ Ի՞նչ մակարդակի է հասել ադրբեջանական դիվանագիտությունը։ Միջազգային դատարանի որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու 120 000 մարդու պատանդ պահելը հպարտանալու բան չեն։ Դա է պատճառը, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Մեզ՝ հզոր արժեքներ ունեցող եվրոպացիներիս վրա դա տպավորություն չի թողնում։ Մենք շարունակելու ենք սատարել խաղաղությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ հարգանքը»։
Սադիկովի խոսքերը դատապարտել է նաև նրա հայրենակից Արիֆ Շահմարլին, որը 2000-2007 թվականներին ԵՄ-ում և 2006-2012 թվականներին Եվրոպայի խորհրդում, զբաղեցրել է Ադրբեջանի դեսպանի պաշտոնը:
«Նման թվիթ գրելը անհեթեթ և անընդունելի է Վագիֆ Սադիկովի նման կիրթ և փորձառու դիվանագետի համար: Անձամբ ես ցավում եմ այդ պահվածքի համար, որովհետև նման քայլերը ոչ մի լավ բան չեն բերի Ադրբեջանին։ Ընդհակառակը՝ դա գործողություն է, որը կօգտագործվի Ադրբեջանի դեմ այն ժամանակ, երբ խաղաղ բանակցությունները շարունակվում են»,- ասել է Շահմարլին OC Media-ին: Ավելին՝ նա այդ գրառումը կապել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից ավելի հաճախ օգտագործվող անտագոնիստական հռետորաբանության հետ։
«Փաստը, որ Սադիկովը Թվիթերում իր գրառման մեջ օգտագործում է «ադրբեջանական արտադրության Istigal IST դիպուկահար հրացանը» արտահայտությունը, իմ կարծիքով, նման է նախագահ Ալիևի հռետորաբանությանը: Գուցե դա պատվիրված գրառում էր»,- ասել է Շահմարլին ու հավելել. «Ադրբեջանցի դիվանագետները, կարծես թե, անցել են կոշտ հռետորաբանության»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի արձագանքել Սադիկովի թվիթերյան գրառմանը: