Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Կառավարության ղեկավարը խոսել է հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածների մասին, որի հետևանքով զոհվել է չորս զինծառայող, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի մանրամասները:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, հունիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և անօդաչու ավիացիայի հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Պաշտպանության բանակի չորս զինծառայող է զոհվել:
Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ընկերներին՝ պիտի ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում: Այսինքն, ըստ էության, այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք:
Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված 2256 բանաձևն է: Այդ բանաձևի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է. «Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»:
Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է. «Ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները: Այս համատեքստում, Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»:
Վեհաժողովն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, արձանագրել է Լեռնային Ղարաբաղին մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակման փաստը, Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքն ապարգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Կարևոր է արձանագրել, որ ԵԽԽՎ բանաձևի կապակցությամբ ընդունված հանձնարարականում նույն մարմնի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամ, և Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի ուշադրությունն է հրավիրում այդ ճգնաժամի վրա՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն կազմակերպելու անհրաժեշտությունը:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի, այսինքն՝ ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու առումով:
Վերադառնալով հունիսի 27-ի սադրանքին՝ պիտի ընդգծեմ, որ դրա նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն:
Այս օրերին Հայաստանի պատվիրակությունն արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ:
Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: Շնորհակալություն»: