Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում Ամերիկայի Միացյալ Նահանգներում երեկ երկկողմ ձևաչափով շարունակվել են արտգործնախարարների հանդիպումները: Այդ ձևաչափով Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին նաև հունիսի 27-ին, բանակցել չորս ժամ: Բանակցությունների առաջին օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքնենը առանձին հանդիպումներ էր ունեցել նախարարների հետ, որին հաջորդել էր եռակողմ՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով քննարկումը: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հանդիպումները կառուցողական է որակել:
Վեդանտ Պատել (ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ) - Ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
ԽՈՐԱՊԵՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆՔ ԶՈՀԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ. ՊԱՏԵԼ
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով չորս հայ զինծառայող էր զոհվել, փոխխոսնակը նշել է՝ խորապես անհանգստացած են զոհերի առնչությամբ, իսկ վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։
Վեդանտ Պատել - Վաշինգտոնը հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այդ նպատակին, և պետքարտուղար Բլինքենը անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում:
ՄԻՐԶՈՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ
Սպիտակ տանը երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը, որին ներկա է եղել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, զորքերի հետքաշման կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանը այլընտրանքի բացակայությունը:
Նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը և ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:
Հանդիպմանն անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել շարժվել խաղաղության ուղղությամբ, վստահության ամրապնդման համար խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը:
Երկրորդ փուլով Միացյալ Նահանգներում ընթացող բանակցությունները կավարտվեն այսօր:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան