Ողջունում ենք Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից։ Այդ մասին ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքի էջում:
«Կազմակերպությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ֊ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնի հումանիտար ճգնաժամին։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեական գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- նշված է գրառման մեջ։