Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է «Նազարբաևի համալսարանի», «Նազարբաևի ինտելեկտուալ դպրոցների» և «Նազարբաևի հիմնադրամի» բարձրագույն հոգաբարձուների խորհրդի ղեկավարի կարգավիճակից:
Որոշումը կայացվել է «Ղազախստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում մասնագիտական որակավորման, պետական պարգևների, սոցիալական ապահովության և կրթության հարցերի վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, որը հինգշաբթի ընդունել է երկրի խորհրդարանը:
Ավելի վաղ Նազարբաևը զրկվել էր Ելբասի (Ազգի առաջնորդ) կարգավիճակից: Փետրվարի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել էր «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ-Ելբասիի» մասին սահմանադրական օրենքն ուժը կորցրած ճանաչելու որոշումը: