Ֆրանսիայում 150 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ երեքշաբթի Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանները կրակել և սպանել են 17-ամյա մի երիտասարդի՝ ասել է ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը։
«Հանրապետության խորհրդանիշների դեմ անտանելի բռնության գիշեր էր. հարձակումներ քաղաքապետարանների, դպրոցների և կոմիսարիատների վրա կամ դրանց հրկիզում։ Հարյուր հիսուն ձերբակալություն»,- գրել է Դարմանենը Twitter-ում։
17-ամյա դեռահասի սպանությունից հետո ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել, երբ տեղի բնակիչները հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց, որոշ ցուցարարներ հրկիզել են աղբամաններն ու բարիկադները, նաև պայթուցիկներ նետել ոստիկանների ուղղությամբ և ավերել ավտոբուսի կանգառը։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։