Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Լոզանի համալսարանի պատրաստած «Բանտերի բնակչությունը 2022» զեկույցը, որի համաձայն՝ 2022 թվականի վերջին եվրոպական բանտերում պատիժ էր կրում ընդհանուր առմամբ 981 575 մարդ։ Ավելի շատ բանտարկյալներ կան Թուրքիայում՝ 303 հազար 945 մարդ, դրան հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ 79 հազար 092, Լեհաստանը՝ 71 հազար 874, Ֆրանսիան՝ 69 հազար 964:
Թուրքիայում յուրաքանչյուր 100 հազար մարդուն բաժին է ընկնում կալանքի տակ գտնվող կամ արդեն ազատազրկման դատապարտված 355 մարդ։
Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Վրաստանը, որտեղ 100 հազար մարդուն բաժին է ընկնում 237 բանտարկյալ։ Ադրբեջանը երրորդ տեղում է՝ 100 հազար մարդու հաշվով 216 բանտարկյալ։
Ադրբեջանում կա 22 334 բանտարկյալ, որից՝ 21 713 տղամարդ, 621 կին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի՝ 436 տղամարդ և 11 կին։ Բանտարկյալների 12,6%-ը դատապարտվել է 1-ից 3 տարի ժամկետով, 39,6%-ը՝ 3-ից 5 տարի, 32,7%-ը՝ 5-ից 10 տարի, 13,1%-ը՝ 10-ից 20 տարի, 1,7%-ը՝ ցմահ։ Ադրբեջանի բանտերում կա 25471 տեղ և դրանք համալրված են 87,7%-ով։
Սակայն բանտերում զբաղվածության մասին տվյալները չեն համընկնում բանտարկյալների հարազատների հաղորդագրությունների հետ: Նրանք պնդում են, որ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, և բանտախցերում ավելի շատ դատապարտյալ կա, քան նախատեսված է:
Ադրբեջանի իշխանությունները, վկայակոչելով գաղտնիությունը, տեղեկություններ չեն տրամադրում քրեակատարողական ծառայության աշխատակիցների թվի մասին՝ ասել են ադրբեջանցի փաստաբանները։
2020 թվականին Ադրբեջանում 100000 մարդուն բաժին էր ընկնում 208 բանտարկյալ, իսկ 2021 թվականին՝ 215։
2021 թվականին Ադրբեջանում բանտարկյալների վրա ծախսվել է 64,8 միլիոն եվրո՝ մեկ բանտարկյալի համար օրական 7,97 եվրոյի չափով։ Դա ամենացածր ցուցանիշն է Եվրախորհրդի երկրների շարքում՝ Ուկրաինայից հետո։
Թուրքիայում մեկ բանտարկյալի օրական ծախսը կազմում է 9,81 եվրո, Վրաստանում՝ 10,55 եվրո, Մոլդովայում՝ 12,7 եվրո։ Բանտարկյալների պահպանման համար հատկացված միջոցների քանակով առաջատարը Իռլանդիան է՝ օրական 1207 եվրո մեկ բանտարկյալի համար, հետո Նորվեգիան է՝ 378 եվրո, Լյուքսեմբուրգը՝ 327 եվրո, Լիխտենշտեյնը՝ 300 եվրո։ Եվրոպայում միջին ցուցանանիշը 81,41 եվրո է: