Արցախի հետ կապված ես թե՛ արտահերթ զեկույց եմ հրապարակել, թե՛ նաև տարբեր ժամանակահատվածներում հրապարակումներ եմ ունեցել. միանշանակ է որ իրավիճակը շատ մտահոգիչ է հումանիտար տեսանկյունից, մարդու իրավունքների տեսանկյունից և դա համադրված նաև հայատյացության ամբողջ քաղաքականության համատեքստում, որը Ադրբեջանն իրականացնում է; Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Նա ընդգծեց, որ դա միայն իրավական հարթակում լուծվող հարց չէ. «Իրավական, քաղաքական և այլ հարթակները պետք է պատշաճ համադրվեն այս պարագայում, բայց միանշանակ է, որ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկվեն, այդ թվում պետք է լինի միջազգային հանրության պատշաճ արձագանք»,- ասաց Անահիտ Մանասյանը:
Ինչ վերաբերում է Արցախին Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրվելուն, ապա ՄԻՊ-ն ասաց.
«Դա միայն իրավական հարթությունով լուծվող հարց չէ, դա նաև քաղաքական հարթությունում լուծման ենթակա հարցադրում է. ես չեմ կաող միանշանակ հայտարարություն անել այն մասին, թե արդյոք միանշանակ կարող է տալ անվտանգության երաշխիք, թե չի կարող տալ անվտանգության երաշխիք, բայց մարդու իրավունքների հետ կապված խնդիրները միանշանակ է, որ պետք է լուծված լինեն»,- նշեց նա:
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին այն հիմնական շեշտադրումներով, որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները քաղաքական հաստատություններ չեն, նրանք չեն զբաղվում քաղաքական հարցերով, տարածքային հարցերով. անկախ հաստատություններ են, որոնք բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գործառույթների վրա: «Մատնանշել եմ, որ մեր երկու պետությունների նման ապաքաղաքական հաստատությունները ունենան պատշաճ հաղորդակցություն և փորձեն լուծել առաջացող հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները. այս պահին այս մասով դեռևս արձագանք չկա, բայց ես ինքս փորձում եմ նաև շարունակել հնարավոր ուղիղների փնտրելը այդ հարցի առնչությամբ»,- ասաց Անահիտ Մանասյանը: