Մինչև 2026 թվականը 2 173 հանրային ծառայող Երևանում կունենա նոր բնակարան: Հանրային ծառայողների համար պետությունն այս պահին իրականացնում է միանգամից երեք ծրագիր: Մեկը Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող Կոմիտաս պարկ բնակելի թաղամասն է: Ծրագրի 2-րդ փուլին մասնակցելու համար պետական մարմիններից ստացվել էր 5000 հայտ, որից կարգին համապատասխանել է 4 458-ը: Հավակնորդների ցանկը հաստատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով:
Արսեն Միրզոյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ) - Հաստատվել է նաև մասնակցության իրավունք ձեռք բերելու համար 400 հազար կանխավճարների վճարման ժամկետը, որը սահմանվել է հունիսի 30-ը, և հետո` յուրաքանչյուրը մինչև 20 բնակարանի ընտրության հնարավորությամբ, որի վերջնաժամկետը հուլիսի 6-ն է լինելու:
Արսեն Միրզոյանի խոսքով՝ ավելի քան 1300 հավակնորդ արդեն վճարել է պարտադիր համարվող 400 հազար դրամը: Հավակնորդների ցուցակից դուրս գալու և կանխավճարի վերադարձի համար գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մինչև հուլիսի 10-ն է: Մասնակիցներին կոմիտեից հիշեցնում են՝ ծրագրին առնչվող ամբողջական տեղեկությունը տեղադրվում է իրենց պաշտոնական կայքում: Տվյալներն ամոփոփելուց հետո նախնական ժամանակացույցով վիճակահանությունը կկայանա հուլիսի 10-ից 20-ը՝ առցանց հեռարձակմամբ:
Արսեն Միրզոյան - Տրամաբանությունը լինելու է ամենաքիչ հավակնորդ ընտրած բնակարանից մինչև ամենաշատը: Հավակնորդը, որը վիճակահանության ժամանակ շահում է բնակարանը, ծրագրով դուրս է գալիս մնացած ընտրած բնակարանների վիճակահանության թվից:
Բացառություն է սահմանվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար: Նրանք առանց վիճակահանության կստանան նախընտրած բնակարանը ձեռք բերելու իրավունք. 2-րդ փուլով դիմել է 9 հավակնորդ: Թաղամասն ունենալու է 24 մասնաշենք և 1 600 բնակարան, որից 826-ը նախատեսված է հանրային ծառայողների համար: Բնակելի համալիրի 1-ին փուլի շինաշխատանքները կավարտվեն 2024-ին, և մինչև հաջորդ տարվա վերջ հանրային ծառայողների համար շահագործման կհանձնվի 478 բնակարան, ևս 348-ը` 2026 թվականին: Յուրաքանչյուր բնակարանին, ի դեպ, կցված է մեկ ավտոկայանատեղի, որից հնարավոր չէ հրաժարվել:
Արմեն Մանուկյան («Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն) - Կայանատեղին 2 ստորգետնյա հարկ. կունենա` 8-ից ավելի մուտք և ելք` 2 100 ավտոկայանատեղի: Մեր սկզբունքային հարցերից մեկն է, որ բակային տարածքները ծառայեն ժողովրդին: Ավտոները իջեցրել ենք ստորգետնյա հարկեր, վերգետնյա հատվածը թողել ենք հանգիստը վայելելու համար: Ունենալու ենք հեծանվուղիներ, հատվածներ կենդանիների համար:
Պետական աջակցությամբ բնակապահովման ծրագրերից «Երազ» թաղամասի վերջին՝ 4-րդ փուլի շինաշխատանքներն ավարտվում են: Տարբեր տարիներին այստեղ բնակարան է կառուցվել 1000 հանրային ծառայողի համար: Ադոնց 19/8 հասցեում էլ ընթացքում է «Ճառագայթ» համալիրի կառուցումը:
Բնակապահովման ծրագրով պետական մարմինների ծառայողները հնարավորություն ունեն բնակարան գնել շուկայականից անհամեմատ էժան գնով: Բնակապահովման նման ծրագրեր չի բացառվում` իրականացվեն նաև Երևանի այլ հասցեներում ու նաև մարզերում: Կառուցապատողներից առաջարկներ պետությունն ստացել է:
Արսեն Միրզոյան - Ունենք առաջարկներ` Մալաթիա Սեբաստիայում Նոր Երևան թաղամասը` մոտ 1000 բնակարան: Նախնական առաջարկ ունենք Ավանում կառուցվող նոր բնակելի թաղամասից: Աբովյան քաղաքում ունենք առաջարկ, կառավարությունում նախնական քննարկումների մեջ է:
Այդ ամենի հետ մեկտեղ՝ հետևում են, որ շինհրապարակներում չխախտվեն մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքի պահանջները: Ջրցան մեքենաներն օրվա ընթացքում պարտադիր պետք է շինհրապարակ մտնեն, հակառակ դեպքում՝ կառուցապատողները կտուգանվեն. օրենքը խստացվել է: