10-ից ավելի նոր ավիաուղղություն՝ 2023 թվականին. Հայաստանը գրավիչ է դառնում ու սկսում է հետաքրքրել եվրոպական և նույնիսկ արաբական երկրներին: Այս նոր ուղղություններից հետո ընդհանուր ցանկը հասնում է մոտ 50-ի: Ուղևորահոսքը 2020-ից հետո ամեն տարի ակտիվանում է, արձանագրեց ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետը:
Ստեփան Փայասլյան (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ) - Wizz air-ը բավականին ակտիվ է՝ ունենք Դյուսելդորֆ, Սոֆիա` Բուլղարիա թռնող՝ որպես կանոնավոր ուղղություններ, ամառը ունենում էինք բուլղարական տարբեր քաղաքներ՝ զուտ տուրիստական, բայց արդեն կանոնավոր ունենք: Առաջիկայում կլինի Wizz air-ի Պրահա ուղղությունը, մոտակա օրերին նախատեսվում է Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Առաջին անգամ է մուտք գործում այս ավիաընկերությունը հայկական շուկա:
«Այս ընկերությունն անգամ չվերթները ավելացնելու նպատակ ունի,- շարունակեց Ստեփան Փայասլյանը, ընդգծեց,- սա ավելի շատ կզարգացնի ներգնա տուրիզմը: Արդեն գործարկված նոր ուղղություններից են նաև Դորտմունդը, Սալոնիկը, Ռիգան, Վենետիկը, Բարսելոնան, Մարսելը, Քուվեյթը»:
Ստեփան Փայասլյան - Այս տարի առաջին 5 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք շուրջ 1 մլն 900 հազար ուղևոր՝ մեկնող և ժամանող, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 22 թվականը մենք ամփոփել ենք 3.7 մլն ուղևորահոսքով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է եղել մեր անկախ պատմության ընթացքում:
2022-ը պակաս ակտիվ չէր նոր ավիաընկերությունների մուտքի առումով. 9 նոր ուղղություն էլ անցած տարի էր մեր շուկայում գործարկվել: Հայաստանը, վերջին մեկ տարին հատկապես, դարձել է հանգույց, որտեղով շատ օտարերկրացիներ՝ հիմնականում Ռուսաստանից, մեկնում են այլ երկրներ:
Ստեփան Փայասլյան - Նույն ռուսը, եթե ուզում է գնալ Վրաստան, կարող է գա, մի 3-4 օր մնա Երևանում, նոր գնա:
Հայաստանով հետաքրքրվողների ցանկը շարունակում են գլխավորել ռուսաստանցի զբոսաշրջիկները, իրենց վերլուծությունն են ներկայացնում տուրիստական ընկերությունում: Բայց հետաքրքրություն արձանագրել են նաև եվրոպացիների մոտ, ընդ որում` հիմա արդեն ավելի շատ երիտասարդների կողմից: Նոր ուղղությունները Հայաստանի համար լավ հնարավորություն են, կարծում է տուրիստական ընկերության տնօրենը:
Միքայել Կարապետյան (Տուրիստական ընկերության տնօրեն) - Սա շատ լավ է, առաջին հերթին Հայաստանը` որպես զբոսաշրջային ուղղություն եվրոպական և այլ երկրների համար, բավականին կշատանան, արդեն զգում ենք ներգնա տուրիզմի հոսքը, կարծում եմ` այս տարի ռեկորդ կգրանցվի, ինչպես նաև արտագնա տուրիզմի, մեր քաղաքացիները վերջին շրջանում սկսել են շատ ճանապարհորդել և ոչ ստանդարտ ուղղություններ արդեն:
Լոռի, Տավուշ, Շիրակ, Վայոց ձոր, Սյունիք. Միքայել Կարապետյանը զբոսաշրջային առումով մեր երկրի ակտիվ կետերն է թվարկում: Օտարերկրացիներին սկսել է հետաքրքրել գաստրոտուրիզմը, ռաֆթինգը, անգամ հայկական սաֆարին:
Միքայել Կարապետյան - Էն կարծրատիպը, որ Հայաստանը մենակ պատմություն ու կրոն՝ այդ մասով է ներկայանում աշխարհին, հիմա դա փոխվում է աստիճանաբար, ու կարծում եմ` մի քանի տարուց շատ ավելի մեծ արդյունքներ կունենանք ոչ միայն Երևանում, այլև մարզերում:
Միքայել Կարապետյանը վիզաների տրամադրման հերթերը մատնանշեց, ինչն էապես խանգարում է թե՛ ընկերություններին, թե հանգստի մեկնել ցանկացողներին: Դեպի Եվրոպա չվերթների պատկերը կփոխվի նաև Եվրամիության ավիացիոն «Սև ցուցակից» դուրս գալու պարագայում, չնայած, որ մեր երկրում գործող օդանավի շահագործման թույլտվություն ունեցող 10 ընկերություն կա, որոնք գործնականում Եվրոպա թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունեն:
Ստեփան Փայասլյան - Երբ որ դու վարձակալում ես օդանավ այն ընկերությունից, որը եվրոպական չափանիշների վկայական ունեցող ավիաընկերություն է, դու խնդիր չունես թռչելու, թե Fly Arna-ն, թե Armenia Aircompani-ն, թե մնացած բոլորը ունեն հավասար հնարավորություններ, պարզապես ընկերությունները ամեն մեկը մի ուղղությամբ են դիրքավորվում, և Flyone-ը չի օգտվում հնարավորությունից, որ իր ընկերությունում կա նաև «բաժնեմասնակցություն» մոլդովական Flyone ընկերությունից, այլ ինքը վարձակալում է օդանավ այլ ավիաընկերություններից, ոչ միայն Flyone Մոլդովայից:
«Սև ցուցակից» դուրս գալու ուղղությամբ քաղավիացիայի կոմիտեում աշխատանքը ակտիվ շարունակվում է՝ վստահեցրեց Ստեփան Փայասլյանը: Այս պահին էլ Հայաստանում եվրոպացի երկու մասնագետ խնդիրները լուծելու ուղղությամբ աշխատում է ոլորտի մեր ներկայացուցիչների հետ: