Այս տարվա առաջին 5 ամսին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում աճ է գրանցվել: Ընդ որում՝ արտահանումն աճել է ավելի քան 93 տոկոսով՝ գերազանցելով նախկին ամենաբարձր ցուցանիշները: Նվազում կա էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, ինչը մասնագետները որոշակի վիճակագրական բացի հետևանք են համարում: Աճի այս տեմպը երկարաժամկետ և կայուն դարձնելու համար կարևոր է համարվում տնտեսության առանցքային ոլորտները զարգացնելը և կառուցվածքային փոփոխություններ անելը՝ ենթակառուցվածքները զարգացնելու համար:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում աճել է 12.5 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հունվար-մայիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 86.9 տոկոսով, որից արտահանումը՝ 93.3, իսկ ներմուծումը՝ 83.3 տոկոս է: Առևտրաշրջանառությունն աճել է 24.5, ծառայությունների ծավալը՝ 19.9, շինարարությունը՝ 16.7, արդյունաբերական արտադրանքը՝ 3 տոկոսով: Անկում է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 3.1 տոկոսով: Սպառողական գնաճը 5.2 տոկոս է, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 1.6 տոկոսով:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Այս բարձր տնտեսական աճը արձանագրվում է գնաճի բավական ցածր մակարդակի պայմաններում, ինչը շատ կարևոր հանգամանք է: Եթե, օրինակ՝ անցած ամսում տեսնում էինք գնաճը ավելի բարձր մակարդակ էր, և տնտեսական աճը ընդամենը 12.1 տոկոս է, ապա այս դեպքում գնաճի մակարդակը 1 տոկոսով նվազել է, սակայն աճը էլ ավելի է բարձրացել:
Եթե նախորդ տարի շատերը երկնիշ տնտեսական աճը պատահականություն էին համարում, ապա այս տարվա առաջին 5 ամսում, ըստ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ապացուցվում է, որ այն օրինաչափություն է:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այստեղ ես մի կարևոր թիվ ասեմ՝ արտահանման 93.3 տոկոս աճը, որը թվային արտահայտությամբ 2.68 մլրդ դոլար է, նման թիվ գոյություն չի ունեցել երբևէ: Համեմատության համար ասեմ՝ 2007-ի ողջ տարում 1.7 մլրդ է եղել արտահանումը, 2017-ը, որը լավագույն տարիներից է համարվում՝ 6 ամսում 1.18 մլրդ է եղել, հիմա 5 ամսում 2.68 մլրդ, 2.5 անգամ ավելի, քան 2017-ին:
Փորձագետների կարծիքով՝ դեռ վաղ է խոսել, որ տնտեսությունը երկարաժամկետում բարձր աճ կարող է ապահովել, ֆինանսական և մարդկային հոսքերի որոշակի նվազման դեպքում կարող է խնդիր առաջանալ:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Դրա համար էս բարձր աճի շրջանը պետք ա մեզ համար ազդակ լինի տնտեսության առանցքային ոլորտները զարգացնելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, ենթակառուցվածքները զարգացնելու համար, որպեսզի ունենանք ավելի երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի սցենար:
Աճը հիմնականում պայմանավորված է պահանջարկի գործոնով՝ կարծում են փորձագետները, հիմնական խնդիրը համարում են տնտեսության առանցքային ոլորտներում, օրինակ՝ արդյունաբերության մեջ ցածր աճը:
Հայկ Բեջանյան - Այստեղ տեսնում ենք, որ աճի ցուցիչը այնքան էլ բարձր չէ, մասնավորապես գործ ունենք շուրջ 3 տոկոսանոց աճի հետ, որը իրականում մյուս ոլորտների բարձր աճի ֆոնին մտահոգվելու տեղիք է տալիս և մտածելու առիթ է ստեղծում տվյալ ոլորտում որոշակի վերափոխումներ իրականացնելու և մյուս ոլորտներին համահունչ տնտեսական զարգացումներ ապահովելու համար:
Արդյունաբերությունը միայն մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 5.3 տոկոս աճ է արձանագրել, ինչը, ըստ Կարեն Սարգսյանի, վկայում է, որ պետական աջակցությունը, օրինակ՝ լիզինգով նոր սարքավորումներ ձեռք բերելու ծրագիրը, արդեն իր ազդեցությունն ունենում է:
Կարեն Սարգսյան - Լուծվում է ոչ միայն տեղի արդյունաբերության խթանման քաղաքականությունը, այլ նաև լոգիստիկ խնդիրներ են լուծվում՝ լաստանավային տեղափոխումը, այլընտրանքային նավով տեղափոխումը Սև ծովով, սա արդեն իսկ բավական մեծ պոտենցիալ է ստեղծում տնտեսվարողների համար:
Սերգեյ Բագրատյանն անդրադառնում է էլեկտրաէներգիայի արտադրության նվազմանը՝ նշելով՝ այստեղ կան որոշակի վիճակագրական բացեր:
Սերգեյ Բագրատյան - Այլընտրանքային էներգիայի աղբյուրները շատ լուրջ սկսում են աճել, և հաճախ, երբ օգտագործում է քաղաքացին կամ տնտեսվարողը այդ էլեկտրաէներգիան միայն իր կարիքների համար, մենք տենց ռեալ հաշվառում չենք իրականացնում, բայց ասեմ ձեզ, որ արդյունաբերության աճը հստակ կապված է էլեկտրաէներգիայի իրացված ծավալների հետ:
Թե՛ ոլորտի պատասխանատուները, թե՛ փորձագետները վստահ են՝ ներկայիս պայմանների պահպանման դեպքում առնվազն կապահովվի Կառավարության թիրախավորած 7 տոկոս տնտեսական աճը, լավագույն սցենարով՝ երկրորդ տարին անընդմեջ հնարավոր կլինի նաև երկնիշ աճ գրանցել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան