Մոտ երկու տասնամյակ առաջ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցու գմբեթը մասնակի փլուզվել է, քարերը փրկարարները տարածքից հեռացրել են: Արդյոք քարաթափման պատճառը հարակից տարածքում ընթացող շինարարությունն է, թե ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրը. այժմ սպասում են մասնագիտական գնահատականի:
Տեր Վարդան քահանա Գափոյան (Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ) - Տեսեք` տարբեր չափսի քարեր են, էսքան, էս չափի, բարեխղճորեն հանեցին անգամ փոքր շարժ ունեցող քարերը:
Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվը եկեղեցու գմբեթի հարակից հատվածից փրկարարների հեռացրած քարերից է ցույց տալիս:
Տեր Վարդան քահանա Գափոյան - Ուրբաթ առավոտ տեսա, որ քարաթափում է եղել, մի քանի քար է ընկել, անմիջապես թեմական առաջնորդին տեղյակ պահեցի, անվտանգությունն ապահովեցինք:
Տարածքը սահմանազատել էին, հերթապահություն նշանակել, որ այդ հատվածով անցուդարձ չլինի: Երկուշաբթի դիմել են փրկարարների օգնությանը: Շինության դեպքում մի քանի թափված քարն էլ, մասնագիտական տերմինաբանությամբ, համարվում է փլուզում, մանրամասնում է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հրահանգիչը:
Արթուր Վարդանյան (ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հրահանգիչ) - Աշխատանքները տևել են 2 ժամից ավել, հեռացվել է մոտ 50-ից ավելի քար, տարբեր չափերի: Այս պահին ռեալ վտանգ չկա:
Բայց գմբեթի վրա կան վտանգավոր հատվածներ, որոնց վերացման համար արդեն ոչ թե փրկարարական, այլ ինժեներական աշխատանք է պետք: Մինչ այդ դեռ պատճառներն են պարզելու: Մայր աթոռի նախաձեռնությամբ կազմվել է մասնագետների խումբ:
Տեր Վարդան քահանա Գափոյան - Վաղն արդեն այստեղ են լինելու, նմուշներ վերցնելու, իրենք կտան պատասխանը, թե որն է պատճառը:
Հետո արդեն կվերականգնեն վնասված հատվածները: Տարածքի բնակիչների կարծիքով՝ եկեղեցուց քարերի թափվելու պատճառ կարող է լինել մոտ 300 մետր հեռավորությամբ իրականացվող կառուցապատման աշխատանքը: Փրկարար ծառայության մասնագետներն էլ արտաքին զննությունից հետո չեն բացառում նաև եղանակի հնարավոր ազդեցությունը.
Արթուր Վարդանյան - Տեսեք` այ հիմնականում խոսքը այս ճաքերի մասին է, այս քիվի հատվածում նայելով կարող ենք եզրակացնել, որ անձրևաջրերի, ջրահեռացման համակարգի խնդիր կա: Չի բացառվում նաև թեթև ցնցումներից՝ 3-4 բալ ունեցանք: Կարևոր է փորձագիտական զննությունը:
Շեշտում է՝ հստակ եզրակացություններ պետք է սպասել զննությունից հետո, երբ կլինեն նաև փլուզված հատվածից որպես փորձանմուշ վերցված շինանյութի մասնագիտական ուսումնասիրության արդյունքները:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ երրորդություն եկեղեցին կառուցվել է 2001-2005 թվականներին ամերիկահայ բարերարների ֆինանսական աջակցությամբ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան