Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է հարցին, թե ինչ դեր է խաղացել Ռուսաստանը 2020-ի իրադարձություններում:
«Ռուսաստանի դերը փաստագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ դրված են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները, և այդ դերը չի կարող որևէ կասկածի ենթարկվել:
Ես 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության վերաբերյալ նման հարցին արդեն պատասխանել եմ նախորդ ճեպազրույցում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ դա Հայաստանի ներքին գործն է, և այն բոլոր հարցերը, որոնք ուղղվել են ՀՀ վարչապետին, տրվել են հենց ներքին հետաքննության, բանավեճերի, ճշմարտությունը գտնելու փորձերի համատեքստում։ Եթե փորձեր են արվում գտնել Ռուսաստանի ինչ-որ չարամիտ դիտավորություն, ապա դա զուտ ապատեղեկատվություն է, և կարելի է պատասխանել փաստաթղթից մեջբերումով, որը ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը: Հենց Ռուսաստանն ու անձամբ Ռուսաստանի նախագահն են կանգնեցրել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Զախարովան: