Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հերքել է ուկրաինական զորքերի դանդաղ առաջխաղացման մասին մամուլում հայտնված լուրերը և ասել, որ հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» դեռ առջևում է:
Financial Times-ի հետ հարցազրույցում նախարարը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի ազատագրումը դեռ ծրագրված հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» չէ։ Նա պնդել է, թե ռուս «զավթիչների» դեմ վերջին համեստ ձեռքբերումները պարզապես «փորձ» էին շատ ավելի մեծ հարվածի համար։
«Երբ դա տեղի ունենա, դուք ամեն ինչ կտեսնեք... Բոլորը դա կտեսնեն»,- ասել է Ռեզնիկովը՝ հաստատելով, որ Ուկրաինայի հիմնական ռեզերվները, ներառյալ վերջերս Արևմուտքում վերապատրաստված և ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով ու զրահամեքենաներով զինված բրիգադների մեծ մասը դեռ գործողություններին չեն մասնակցում։