Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի խախտումների ավելացմամբ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Ռուսաստանը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և վիճելի հարցերը ռուս խաղաղապահների հետ համատեղ կարգավորել խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Լաչինի միջանցքի ամբողջական ապաարգելափակման և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմանների ստեղծմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարող են նպաստել իրավիճակի լիցքաթափմանը:
Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում կասկածից վեր է, շեշտել է Զախարովան և ավելացրել՝ ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հարցով Հայաստանի խորհրդարանում ընթացող քննությանը, ապա դա Հայաստանի ներքին գործն է։
ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼԻՆԻ ԿԱՅՈՒՆ. ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին և այդ ուղղությամբ արևմտյան նախաձեռնությունների վերաբերյալ հարցերին: Ըստ նրա՝ Արևմուտքը Մոսկվայի հետ վարում է խանդով լեցուն մրցակցություն, որպեսզի յուրացնի ողջ գործընթացը և օրակարգը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն Արևմուտքին հերթական անգամ կոչ է արել զերծ մնալ զրոյական արդյունք ապահովող ջանքերից:
«Կովկասում խաղաղության հասնելու՝ Արևմուտքի ջանքերն արդյունք կունենան, եթե դրանք չլինեն հակառուսական և ուղղված չլինեն մեր հետ մրցակցությանը»,- ասել է նա:
Մարիա Զախարովա - Ռուսաստանի համար կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը լինի ամուր և կայուն: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պայմանագրեր են կնքվել ձևի համար, ինչ-որ բան արձանագրելու համար, որոնք, ի վերջո, չեն իրականացվել: Ուստի, պայմանագիրը պետք է ապահովի Ադրբեջանի և Հայաստանի շահերի հավասարակշռությունը: Դրան հնարավոր է հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի հետևողական իրականացման միջոցով: Այդ ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընդունած համաձայնությունների համակարգն է, որը ձևավորվել է 2020-2022թթ. ընթացքում: Եթե հավելյալ միջոցառումների կարիք լինի, կարելի է այդ գործընթացին աջակցել, օրինակ՝ ՄԱԿ-ի որոշումներով: Դրա համար անհրաժեշտ է և՛ Երևանի, և՛ Բաքվի համաձայնությունը:
Զախարովան անդրադարձել է նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, շեշտել՝ ամենօրյա ռեժիմով անում են ամեն բան՝ հաղորդակցությունների ապաշրջափակման համար:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ իրագործելու նախանշված մեծածավալ ճանապարհային քարտեզը»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է նաև օդային կառավարման միասնական համակարգ ստեղծելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին:
«Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի ի հայտ գալու հավանականությանը»,-ասել է նա: