The Washington Post-ը, հիմնվելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների տվյալների վրա, գրում է, որ ռազմաճակատի առաջնագծի զգալի երկարությունը և հսկա ականապատ դաշտերը դժվարացնում են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման առաջխաղացումը։
Պենտագոնի պաշտոնյաների խոսքով՝ ուկրաինացի զինվորականների համար առաջին խոչընդոտը առաջնագծի ավելի քան 960 կմ ընդհանուր երկարությունն է, ինչը ստիպում է Կիևին ցրել առանց այն էլ սահմանափակ ուժերը։ Թերթի զրուցակիցներից մեկն ասել է, որ այժմ Ուկրաինայի զինուժը փորձում է ճեղքել «անվտանգության սկզբնական գոտին»՝ փնտրելով ռուսական պաշտպանությունում հնարավոր թույլ կետերը, հետևաբար չի օգտագործում կենդանի ուժի զգալի մասը։
Մյուս խնդիրը, ըստ աղբյուրների, տարածքների ականապատումն է։ Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ խիստ ականապատ տարածքները հասնում են գրեթե 200 քառակուսի կիլոմետրի։
Բացի այդ, Ուկրաինան չունի բավարար օդուժ, հարձակողական և պաշտպանվող զորքերի հարաբերակցությունն էլ 3:1-ի է: Արևմտյան զինվորականները դրանք կարևոր են համարում նման հարձակման համար։
Ուկրաինական կողմը, սակայն, պնդում է, որ մեծ հաջողություններ ունի մարտի դաշտում: «Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել Մելիտոպոլի, Բերդյանսկի և Բախմուտի ուղղություններում ու հաջողություն ունեն Բախմուտի մերձակայքում», Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կովալյովի խոսքերը մեջբերում է Military Media Center-ը:
«Ռուսական օկուպացիոն զորքերը հզոր դիմադրություն են ցույց տալիս։ Միևնույն ժամանակ, թշնամին անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի զգալի կորուստներ է կրում»,- ասել է Կովալյովը:
Ռուսաստանն էլ պնդում է ուկրաինական կորուստների մասին հակահարձակման մեկնարկից ի վեր՝ 13 հազար զինվոր, 259 տանկ, 780 զրահամեքենա։