ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒԺԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՍՈՅՈՒԴԼՈՒ
Լարվածությունն ադրբեջանական Սոյուդլու գյուղում պահպանվում է: Տեղացիները պնդում են, որ տարածքում գործող ոսկու հանքի արտանետումները վնասակար ազդեցություն ունեն շրջակա միջավայրի և իրենց առողջության վրա: Կառավարությունը հունիսի 27-ին 4 ավտոբուսով գյուղ է ուղարկել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների լրացուցիչ ուժեր:
Տեղացիների խոսքով՝ ոստիկանությունը սպառնում է ուժով ցրել ցանկացած բողոքի ակցիա։ Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում ոստիկանները հրահանգում են իրավապահներին կանանց խփել այնպես, որպեսզի նրանք ամաչեն իրենց մարմնի վրա բռնության հետքերը ներկայացնել որպես ապացույց:
Երեկ Սոյուդլու է ժամանել նաև ստեղծված հատուկ կառավարական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևը։ Սակայն բնակիչները որևէ հստակ պատասխան չեն ստացել:
Հունիսի 22-ից գյուղի մուտքն արգելափակված է, լրագրողներին ու ակտիվիստներին թույլ չեն տալիս մուտք գործել Սոյուդլու:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴԱՐՁՅԱԼ ՀՐԵՏԱԿՈԾՎԵԼ Է ԱԹՍ-ՆԵՐՈՎ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Գիշերն Ուկրաինայի տարածքը հերթական անգամ հրետակոծության է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով, թևավոր հրթիռներով և զենիթային հրթիռներով: Կան զոհեր և վիրավորներ՝ հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Աղբյուրի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի C-300 համակարգերի հրթիռները հարվածել են Կրամատորսկ քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանին և առևտրի կենտրոնին, որտեղ հարվածի պահին եղել են բազմաթիվ մարդիկ:
Ըստ Ուկրաինայի արտակարգ ծառայությունների՝ հարվածի պատճառով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Առնվազն 56 մարդ վիրավորվել է: Փրկարարները շարունակում են փլատակներում մնացածների որոնումը:
Զապորոժիեի իշխանությունները նույնպես հայտնել են քաղաքում հնչած մի քանի պայթյունի մասին:
Ռուսական աղբյուրներն էլ հաղորդել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլ քաղաքի վրա հրթիռային հարձակումը:
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հերքել է ուկրաինական զորքերի դանդաղ առաջխաղացման մասին լուրերը և շեշտել՝ հակահարձակման «գլխավոր իրադարձությունները» դեռ առջևում են: «Երբ դա տեղի ունենա, դուք ամեն ինչ կտեսնեք... Բոլորը դա կտեսնեն»,- ասել է Ռեզնիկովը՝ հաստատելով, որ Ուկրաինայի հիմնական պահեստային ուժերը, այդ թվում՝ վերջերս Արևմուտքում վերապատրաստված և ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով և զրահամեքենաներով զինված բրիգադների մեծ մասը, չեն մտել մարտի մեջ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ուկրաինական ուժերը «որոշ առաջընթաց» են գրանցել, որի մասին գլխավոր շտաբը չի հայտնել:
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ռազմական օգնության հերթական փաթեթը: «Հաստատում եմ մեր 41-րդ փաթեթը Ուկրաինային, որը կներառի 500 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինություն և տեխնիկա»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նրա խոսքով՝ փաթեթը կօժանդակի Ուկրաինայի շարունակական հակահարձակողական գործողություններին և համապատասխանում է մարտի դաշտում Ուկրաինայի կարիքներին:
Օժանդակության այս փաթեթը ներառելու է Bradley և Stryker մեքենաներ, լրացուցիչ զինամթերք ՀՕՊ համակարգերի համար, հրետանի և համազարկային հրթիռային համակարգեր, հակատանկային զենք և այլ զինատեսակներ՝ մարտադաշտում ուկրաինական ուժերի դիմակայության համար:
«Ռուսաստանը ցանկացած պահի կարող է վերջ դնել պատերազմին՝ դուրս բերելով իր ուժերը Ուկրաինայից և դադարեցնելով իր հարձակումները Ուկրաինայի քաղաքների և ժողովրդի դեմ։ Քանի դեռ Ռուսաստանը դա չի արել, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- եզրափակել է Բլինքենը:
ՇՎԵԴԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄՏՔԻՑ. ՔՐԻՍՏԵՐՍՈՆ
Շվեդիան չի պատրաստվում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարից: Նման հայտարարություն է արել Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Նրա խոսքով՝ երկիրն իր դիրքորոշումը չի փոխի, անգամ եթե չհաջողվի դաշինքին միանալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ։
Քրիստերսոնը նշել է, որ առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում Թուրքիայի ներկայացուցիչների հետ, որն արգելափակում է Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի անդամակցությունը:
ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆՔ ԳՆԵԼ «ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐ». ՎՈՒՉԻՉ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը հրաժարվել է Թուրքիայից գնել Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը, քանի որ Անկարան դրանցով զինում է Կոսովոյի զինված խմբավորումներին։
«Մենք հրաժարվել ենք գնել «Բայրաքթարներ», քանի որ նրանք տվել են Պրիշտինային, մենք նրանց հետ չենք համագործակցելու այս ձևով: Վերջերս մենք ստացանք չինական CH-92 անօդաչու թռչող սարքեր, մենք կգնենք ավելին: Հինգ ամսից մենք կստանանք 1000 կամիկաձե անօդաչու թռչող սարք: Դրանք մենք պատվիրել ենք Մերձավոր Արևելքում»,- ասել է Վուչիչը։