Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ տղամարդը նախ պատռել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել է կոշիկները, ապա այրել մուսուլմանների սուրբ գիրքը, հայտնում է Reuters-ը։
Մոտ երկու հարյուր մարդ հետևել է նրա գործողություններին: Ներկաներից ոմանք արաբերեն բղավել են «Աստված մեծ է»՝ ի նշան նման արարքի դեմ բողոքի։ Նրանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել, երբ փորձել է քար նետել ակցիայի մասնակիցների վրա։
Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանի այրմամբ բողոքի ակցիա անցկացնել Կուրբան բայրամի տոնի առաջին օրը, հաղորդում է AFP-ն: Երկրի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնն այդ որոշումն անվանել է «օրինական, բայց ոչ տեղին»: Ընդ որում, նա հրաժարվել է խոսել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վրա ստեղծված իրավիճակի ազդեցության մասին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրման ակցիան, իսկ արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ակցիան անվանել է սկանդալային և անեծքի արժանի։