Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցնել հակամարտությունն իր տարածքում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի նիստում՝ նվիրված երկրի Սահմանադրության օրվան։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ուկրաինական «խաղաղության բանաձևի» մասին, որին, ըստ նրա, «աջակցում են շատերն ամբողջ աշխարհում»։
Իր ելույթում Զելենսկին խոսել է նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի մասին:
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ իր երկիրը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
«Ուկրաինան դարձել է ԵՄ-ի թեկնածու, նույնը կլինի նաև ՆԱՏՕ-ի դեպքում»,- ասել է նա Գերագույն Ռադայի նիստում:
Ավելին, Զելենսկին համոզված է, որ Ռուսաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությամբ, և հիմա ճիշտ ժամանակն է, որ Մոսկվան խնդրի դաշինքին Ուկրաինային ընդունելու իր կազմում:
Նրա հիմնավորման համաձայն՝ Կիևը, դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ստանձնի իր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարտավորությունը։ Իսկ դրանում, ըստ Զելենսկու, շահագրգռված է նաև Ռուսաստանը։ Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունն արել է ընդամենը րոպեներ անց այն բանից հետո, երբ դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, թե որոշ արևմտյան առաջնորդներ դեռևս նայում են Ռուսաստանին իրենց որոշումների կայացման հարցում։
Ուկրաինայի Գերագույն ռադան էլ դիմել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին՝ կոչ անելով նրանց «ռազմավարական որոշում» ընդունել Կիևին դաշինք հրավիրելու մասին:
Հայտնի է հունիսի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի արած հայտարարությունը, ըստ որի Վիլնյուսի գագաթնաժողովում և դրան նախապատրաստվելիս դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի պաշտոնական հրավերը, այլ խորհրդակցություններ են անցկացնում, թե որ որոշումները կարող են Կիևին մոտեցնել դաշինքին անդամակցելուն: «Գլխավորն այն է, որ Ուկրաինան պահպանվի որպես ինքնիշխան պետություն»,- ասել է Ստոլտենբերգը:
«Ուկրաինայի հաղթանակն անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման երաշխիք է Մոլդովայի, Վրաստանի համար, նոր ուժ՝ Հարավային Կովկասի համար, կամք և խաղաղություն Բելառուսի, էներգիա՝ բալթյան-սևծովյան առանցքի, անվտանգության երաշխիք և մանիպուլյացիաներից պաշտպանություն՝ ամբողջ Կենտրոնական Ասիայի, հնարավորություն՝ Մերձավոր Արևելքի համար, երաշխիք, որ աֆրիկյան երկրները կդադարեն թալանվել ռուսների կողմից»,- հայտարարել է Զելենսկին:
Նա նաև առաջարկել է հանրաքվեի ներկայացնել Ուկրաինայի զարգացման հայեցակարգը: Վոլոդիմիր Զելենսկին նաև առաջարկել է օրինականացնել բժշկական կանաբիսի հիմքով դեղորայքը և պաշտոնապես ամրագրել անգլերենի կարգավիճակը՝ որպես Ուկրաինայում միջազգային շփումների լեզուներից մեկը: