Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով այսօր մեկնել է Կիև: Նաուսեդան նախատեսում է Ուկրաինայի նախագահի հետ քննարկել հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը, Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունները, Լիտվայի և ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հերքել է ուկրաինական զորքերի դանդաղ առաջխաղացման մասին լուրերը և շեշտել՝ հակահարձակման «գլխավոր իրադարձությունները» դեռ առջևում են:
«Երբ դա տեղի ունենա, դուք ամեն ինչ կտեսնեք... Բոլորը դա կտեսնեն»,- ասել է Ռեզնիկովը՝ հաստատելով, որ Ուկրաինայի հիմնական պահեստային ուժերը, այդ թվում՝ վերջերս Արևմուտքում վերապատրաստված և ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով և զրահամեքենաներով զինված բրիգադների մեծ մասը, չեն մտել մարտի մեջ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ուկրաինական ուժերը «որոշ առաջընթաց» են գրանցել, որի մասին գլխավոր շտաբը չի հայտնել:
ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ռազմական օգնության հերթական փաթեթը: «Հաստատում եմ մեր 41-րդ տրամադրումն Ուկրաինային, որը կներառի 500 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինություն և տեխնիկա»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նրա խոսքով՝ փաթեթը կօժանդակի Ուկրաինայի շարունակական հակահարձակողական գործողություններին և համապատասխանում է մարտի դաշտում Ուկրաինայի կարիքներին:
Օժանդակության այս փաթեթը ներառելու է Bradley և Stryker մեքենաներ, լրացուցիչ զինամթերք ՀՕՊ համակարգերի համար, հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային զենք և այլ զինատեսակներ՝ մարտադաշտում ուկրաինական ուժերի դիմակայության համար:
«Ռուսաստանը ցանկացած պահի կարող է վերջ դնել պատերազմին՝ դուրս բերելով իր ուժերը Ուկրաինայից և դադարեցնելով իր հարձակումները Ուկրաինայի քաղաքների և ժողովրդի դեմ։ Քանի դեռ Ռուսաստանը դա չի արել, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- եզրափակել է Բլինքենը:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի իր հավակնություններից և հետագայում ևս մտադիր չէ առաջադրվել այդ պաշտոնի համար։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։
Նախարարը հայտարարել է, որ չի ակնկալում մոտ ապագայում փոխարինել Ստոլտենբերգին, քանի որ ԱՄՆ-ն պնդում է, որ նա առայժմ մնա իր պաշտոնին Ուկրաինայում շարունակվող հակամարտության պատճառով։ Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին: Որոշ աղբյուրների համաձայն՝ դաշինքի գործող գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թ. հունիս:
The Times-ը նշում է, որ հուլիսի 11-ին Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ դաշինքի անդամ երկրները չեն կարողացել համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, ինչի կապակցությամբ էլ հենց սպասվում է Ստոլտենբերգի պաշտոնավարման երկարաձգումը։ Ուոլեսից բացի, դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուներ են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը։ Այս պաշտոնի հավանական թեկնածու է համարվում նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը, սակայն, հայտարարել է, որ այդ պաշտոնին չի ձգտում։
ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆՔ ԳՆԵԼ «ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐ». ՎՈՒՉԻՉ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը հրաժարվել է Թուրքիայից գնել Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը, քանի որ Անկարան դրանցով զինում է Կոսովոյի զինված խմբավորումներին։
«Մենք հրաժարվել ենք գնել «Բայրաքթարներ», քանի որ նրանք տվել են Պրիշտինային, մենք նրանց հետ չենք համագործակցելու այս ձևով: Վերջերս մենք ստացանք չինական CH-92 անօդաչու թռչող սարքեր, մենք կգնենք ավելին: Հինգ ամսից մենք կստանանք 1000 կամիկաձե անօդաչու թռչող սարք: Դրանք մենք պատվիրել ենք Մերձավոր Արևելքում»,- ասել է Վուչիչը։