Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Իսպանիայում ավարտին մոտեցող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1-6 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաևի նկատմամբ:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմն առաջնությանը մասնակցում էր մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի և Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ: