Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատարանում ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի նախկին վարորդ Նելսոն Սարոյանը:
Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 1997-2011 թվականներին, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Սարոյանը հրամանագրված է եղել որպես ռազմական ոստիկան, բայց աշխատել է Սարգսյանի վարորդ:
Նելսոն Սարոյան (վկա) - 2001 կամ 2 թվականներին եմ աշխատել ռազմական ոստիկանությունում, գնացել եմ ընդունվել եմ աշխատանքի, հետո գործի բերումով չեմ գնացել աշխատանքի:
Նելսոն Սարոյանը չգիտեր, թե ռազմական ոստիկանությունում ի՞նչ պաշտոն է ունեցել, նշեց՝ այդտեղ գնացել է միայն ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձ ստանալու: Երկրորդ աշխատանքը, որի պատճառով վկան աշխատանքի չի գնացել, ԱԳՆ-ում է եղել՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի վարորդ: Վկան աշխատավարձ ստացել է նաև Սարգսյանից՝ առձեռն: Ռազմականում վկան ստացել է, իր հիշելով՝ 120-130 հազար դրամ, Լևոն Սարգսյանից՝ 100-200 հազար:
Դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ ոստիկանությունից ազատվելու դիմում չի գրել.
Նելսոն Սարոյան - Կամուկացի մեջ էի, մտածեցի՝ կարող ա փոշմանեմ, նորից հետ գնամ:
Ըստ Նելսոն Սարոյանի՝ աշխատանքի ընդունվելու հաջորդ օրը համազգեստ, կոչում և զենք է ստացել: Զենքը ամեն օր, ըստ վկայի, կրել է վարորդ աշխատելու ժամանակ:
Դատավոր - Վարորդի պարտականությունների մեջ մտնո՞ւմ էր զենք կրելը:
Նելսոն Սարոյան - Ոչ:
Դատավոր - Բա ինչի՛ էիք կրում:
Նելսոն Սարոյան - Դե հիմի կրում էի:
Դատավոր - Հավե՞ս էր երևի:
Նելսոն Սարոյան - Հա, էլի:
Դատավոր - Լևոն Սարգսյանի թիկնապահի պարտականություննե՞րն էլ էիք կատարում:
Նելսոն Սարոյան - Ոչ:
Դատավոր - Բա ինչի՞ էիք զենք կրում:
Նելսոն Սարոյան - Ստացել էի՝ կրում էի, ինչ անեի:
Ռազմական ոստիկանությունում անբասիր ծառայության համար վկան նաև մեդալով է պարգևատրվել, բայց այդպես էլ չի հետաքրքրվել, թե հատկապես ինչ արժանիքի համար:
Դատավոր - Ստացե՞լ եք էդ մեդալը:
Նելսոն Սարոյան - Այո՛:
Դատավոր - Ի՞նչ տեսք ուներ:
Նելսոն Սարոյան - Սիրուն տեսք ուներ:
Վկայի այս արտահայտությունից հետո Վլադիմիր Գասպարյանը խաչակնքեց, ինչին արձագանքեց դատավորը.
- Ճիշտ խաչականքվեցիք, իրականում խաչակնքվելու ա:
Թե մեդալն ո՞ւմ հրամանով է ստացել, վկան ասաց՝ զորամասի հրամանատարի կամ պետի:
Վարդգես Սարգսյան (դատավոր) - Ձեր ասածները ցավալի են իրականում, որովհետև Անբասիր ծառայության մեդալով պարգևատրվում են պաշտպանության նախարարի հրամանով։ Ձեր պատասխանը վկայում է նաև մեդալի նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին։ Այստեղ մարդիկ են նստած, այդ թվում՝ ձեզ հարցաքննող անձը, ովքեր այդ մեդալին տարիներով սպասել են՝ անքուն գիշերներ ծառայելու արդյունքում։
Ըստ մեղադրանքի՝ Նելսոն Սարոյանը, աշխատանքի չհաճախելով, 14 տարվա ընթացքում ռազմական ոստիկանությունից ստացել է 21 միլիոն 691 հազար դրամ: Այսպիսով, Վլադիմիր Գասպարյանն այս դրվագով մեղադրվում է խոշոր չափի վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Գործով անցնող մյուս ամբաստանյալը՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը, 2015-2018 թթ․ առանձնապես խոշոր չափի վատնում, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու, ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ օժանդակելու համար: Չորսն էլ մեղադրանքները չեն ընդունում: Մյուս նիստին կհարցաքննվի 5 վկա, նրանցից մեկին դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան