Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը:
Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով այսօր ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ, նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն: